07/07/2015 15:07
Դեմոյան. Վաղվանից Երևանում կմեկնարկի աննախադեպ ցեղասպանագիտական կոնֆերանս
Շարունակում ենք միջոցառումները բոլոր ոլորտներում՝ մշակութային, ակադեմիական, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը` նշելով՝ Երևանում հուլիսի 8-12-ին կանցկացվի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտական կոնֆերանսը:
«Այդ կոնֆերանսի թեման է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծությունը» ու դրա անցկացումը կարևոր է մի քանի տեսանկյուններից: Այն բավական ներկայացուցչական է ու սպասում ենք մոտ 130 զեկույց»,- ասաց Հայկ Դեմոյանը:
Նա ընդգծեց՝ այս մասշտաբների գիտական կոնֆերանս աննախադեպ է Հայասանի համար՝ համենայնդեպս ցեղասպանագիտական ոլորտում նման միջոցառում դեռևս չի եղել:
«Կոնֆերանսը ընթացքում մենք անդրադառնալու ենք ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլև՝ խոսելու ենք 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների մասին` փորձելով ներկայացնել դրանց համեմատական վերլուծությունը»,- ասաց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենը: