07/07/2015 14:33
Մեր գլխավոր նպատակը Հայաստանի դրոշը Բաքվում բարձրացնելն էր․ Հ. Ռոստոմյան
«Գոհ եմ Բաքվում ցույց տված մեր արդյունքից, ուրախ եմ, որ մասնակցեցինք: Մեզ պետք էր այս մասնակցությունը, սա մեծ փորձ էր մեզ համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով Բաքվոմ կայացած Եվրոպական խաղերը, ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Հ. Ռոստոմյանը գոհ է մեր թիմի ցույց տված արդյունքներից. Գլխավոր նպատակն անվտանգ մասնակցությունն էր, Հայաստանի դրոշը Բաքվում բարձրացնելը, մեդալ նվաճելը և պատվով վերադառնալը»:
Բանախոսի խոսքով՝ մեր պատվիրակությունն ու մեր մարզիկները ցույց տվեցին, որ կարող են հայի անունը բարձր պահել ինչպես բոլոր մրցասպարեզներում, այնպես էլ՝ Բաքվում: Հ. Ռոստոմյանի դիտարկմամբ՝ միակ վիճահարույց հարցը, որ ունեցանք Բաքվում, բռնցքամարտիկներն էին:
«Մրցավարությունը զայրացնում էր ոչ միայն մեզ, այլև՝ մյուսներին, իսկ միտումնավոր որևէ քայլ չենք տեսել մեր պատվիրակության հանդեպ, այդ թվում՝ բռնցքամարտի մրցաշարում»,- ասաց նա:
Հ. Ռոստոմյանը նշեց, որ կար երեք մեդալի ակնկալիք, սակայն ունեցանք մեկը: Պատճառներից մեկն, ըստ նրա, այն է, որ խաղերը Բաքվում էին և հոգեբանական գործոնը ազդում էր: Հրաչյա Ռոստոմյանը կարծիք հայտնեց, որ հայ հասարակության վերաբերմունքը ևս ազդում էր, քանի որ հաճելի չէր ամեն վայրկյան տարբեր կայքերում կարդալ մեղադրանքներ այն մասին, որ մենք չենք մտածում մեր մարզիկների մասին և ինչ վտանգավոր է Բաքվում»: