07/07/2015 13:38
Սերժ Սարգսյանի հայտարարությունը շարժումը պառակտեց. Ստյոպա Սաֆարյան
ElecricYerevan շարժումն այս պահին ճգնաժամի մեջ է գտնվում, իսկ այն, որ այդ շարժումը պետք է ճգնաժամում լիներ, դա առավել քան ակնհայտ էր: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում, անդադառնալով վերջին զարգացումներին, ասաց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
Դա տեղի ունեցավ, շարունակեց խոսքը նա, քանի որ ո՛չ Բաղրամյան պողոտայում, ո՛չ էլ Ազատության հրապարակում հավաքվածները չունեին հստակ ծրագրեր. «Շարժմանը նպաստեց նաև Սերժ Սարգսյանի հայտարարությունը»:
«Ի վիեջո, մի օր Բաղրամյանը բացվելու էր: Մինչև հունիսի 27-ը Բաղրամյանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում երիտասարդությունը հանրությանը մոլբիլիզացրել էր և շարժման մեջ կրակ էր նշմարվում, կար հստակ պահանջ՝ չեղարկում և այն ուներ հստակ հասցեատեր՝ՀՀ Նախագահը, բայց հունիսի 27-ից հետո այդ կրակը, կարծես թե, մարեց: Իհարկե, Սերժ Սարգսյանը պետք է վերաբերմունք արտահայտեր դրա համար, որի համար ունեինք մարդաշատ պողոտա, բայց դեպքերն այլ ընթացք ստացան հատկապես նախագահի հայտարարությունից հետո: Հենց այդ հայտարարությունից հետո էր, որ շարժումը պառակտվեց»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ շարժման մեջ Սերժ Սարգսյանի հայտարարությունն իրականում անորոշություն մտեցրեց, որտեղից էլ շարժման ներսում տարաձայնություններ առաջացան:
Քաղաքագետի կրածիքով՝ սա չէր լինի, եթե շարժման բոլոր մասնակիցները միասնական օրակարգ ու հստակ գործողությունների պլան ունենային: «Նախագահն իրականում չէր բավարարել պահանջը, բայց առաջարկել էր այլընտանք. Նա հայտարարել էր աուդիտ անցկացնելու մասին և նշել, որ հասարակությունը մինչև այդ աուդիդտի ավարտը ոչ մի լումա ավելի չի մուծի: Սա իրականում լուծում չէր, և փաստորեն շարժումը բաժանեց երկու մասի: Իրականում հունիսի 28-ին տեղի ունեցածը արդյունքն էր այն բանի, որ նախագահի այս որոշմանը հավաքված մարդկանց տարբեր խմբեր, տարբեր կերպ ընկալեցին: Եվ ինչպիսին էլ որ լիներ այդ գնահատականը, սա մասամբ նաև կարելի է հաղթանակ համարել: Բայց, այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ Նախագահը թեև ոչինչ էլ չի արել, շարժումը ճգնաժամի մեջ հայտնվեց»,- ասաց նա:
Քաղաքագետը նկատեց, որ թեև այս իրավիճակին տրվեցին տարբեր գնահատականներ, հնչեցին տարբեր առաջարկություններ, բայց դեռևս երիտասարդությունը չի կարողանում այդ ճգնաժամը հաղթահարել: «Ցուցարարների մի մասը որոշեց մնալ Բաղրամյանում և մասնակիորեն գնալ պայքարի, իսկ մի մասն էլ որոշեց հեռանալ, առանձին պայքարել և արդյունքում ունենալ երկաթված վիճակ: Ակնհայտ է, որ երկու տեղում էլ մնացած մարդիկ այլևս անելիք չունեն: Բաղրամյանում հավաքված հին օրակարգի պահակներն ուզում են ճնշում ապահովել, բայց դրա համար չունեն հիմնավորումներ, իսկ Ազատության հրապարակում հավաքվածների առաջարկները համոզիչ չեն, հետևաբար երկու տեղն էլ դատարկվեց»,- նշեց Ս. Սաֆարյանը:
Ամփոփելով միտքը՝ բանախոսը նշեց, որ այսօր հանրությունը հայտնվել է անորոշ վիճակում և հստակ գործողություններ է ուզում պահանջել, սակայն ինքն է մոլորության մեջ հայտնվել: «Իրականում մարդիկ սիրում են ռացիոնալություն, ալտերնատիվություն, կանխատեսում ու նպատակների հասանելիություն: Սակայն այսօր Ազատության հրապարակում հավաքվածների մոտ, ցավոք սրտի, դրանք նորից բացակայում են: Ազատության հրապարակում կրկին հավաքվելը հերթական անգամ ցույց տվեց, որ գրեթե նույն գործողությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է մնալու շարժառիթներին, ապա կարծում եմ, որ դրանք այս անգամ նորից հստակ ձևակերպված ու համոզիչ չեն»,- ասաց նա: