07/07/2015 18:04
«Ազգայինի հետքերով»՝ ճամբար Քաշաթացի Վարդուտ գյուղում. Լուսանկարներ
Հունիսի 29-ից հուլիսի 5-ը Քաշաթաղի Վարդուտ գյուղում «Երիտասարդների աջակցման կենտրոն» ԵՀԿ և «Հիմք» ԲԲՀԿ-ն «ՀՀայապատում» ԵՀԿ (Արցախ) հետ կազմակերպել են «Ազգայինի հետքերով Քաշաթաղում» ամառային ճամբարը:
Նախաձեռնությունը ծնվել է, երբ Բերձորի ազատագրման 23-րդ տարեդարձին ընդառաջ «Երիտասարդների աջակցման կենտրոն» ԵՀԿ-ն ու «Հիմք» ԲԲՀԿ-ն «Ազգայինի հետքերով» երկօրյա ծրագրի շրջանակներում Քաշաթաղում էին` Աղավնատուն և Բերձոր համայնքներում: Այս ծրագիրը շարունակական դարձնելու նպատակով «Հայապատում» ԵՀԿ-ն Երևանից ժամանած այդ կազմակերպությունների հետ նախաձեռնեց 12-18 տարեկան 20 պատանիների և երիտասարդների համար ամառային ճամբար, որի իրականացմանն աջակցել են Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժինը, ԼՂՀ փրկարար ծառայությունը, Վարդուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռաիսա Բաղիկյանը:
«Ազգայինի հետքերով Քաշաթաղում» ճամբարը նպատակ ուներ նպաստելու ազգային երգի ու պարի, հերոսների, խաղերի ճանաչմանն ու տարածմանը: 7-օրյա ճամբարի հարուստ օրակարգը իր մեջ ներառում էր ազգային խաղեր, երգ, պար, զարգացնող խաղեր, «Ճանաչենք մեր հերոսներին» խորագրով ֆիլմերի դիտում:
Մասնակիցներին ազգայինի հետքերով ուղեկցում էին Անի Ասատուրյանը («Երիտասարդների աջակցման կենտրոն» ԵՀԿ), Գուրգեն Մելքոնյանը («Կայթ» ավանդական պարի համույթ), Հերմինե Կարապետյանը, Նարինե Թեքնեջյանը, Արմեն Մխիթարյանը և Անի Հովհաննիսյանը (երկուսն էլ` «Հայապատում» ԵՀԿ): Վարդուտից, Բազմատուսից, Շալուայից, Հիմնաշենից, Մովսեսաշենից, Վազգենաշենից, Արտաշավիից, Նորաշենիկից, Վակունիսից և Վաղազինից ժամանած մասնակիցները առաջնորդվում էին «իրուր խետ» («իրար հետ») սկզբունքով և այնպիսի ոգով էին երգում և պարում, որ կազմակերպիչները վստահություն ձեռք բերեցին` այս ծրագիրը անպայմանորեն պետք է լինի շարունակական` ընդգրկելով Քաշաթաղի, Արցախի այլ բնակավայրեր ևս:
Ճամբարի ընթացքում մասնակիցները կիսվել էին հայրենիքի, հերոսի, իրենց ապագայի մասին պատկերացումներով: Մասնակիցներից` Տիգրան Օհանջանյանը (գ. Նորաշենիկ) «ո՞վ է հերոսը» հարցին նշել էր, որ «հերոսը` Արաբոն ու Ազգալդյանն են», «Ընդհանրապես ազատագրված տարածքներում բոլոր ապրողները հերոսներ են, որ գնան, թուրքը կգա տեր կկանգնի»:
Իսկ Անի Վարդանյանը (գ. Վարդուտ) հայրենիքը համարում էր ամենակարևոր գաղափարը, որը պետք է դավանել մինչև կյանքի վերջը: Վաղազինցի Կարապետն էլ 5 տարի հետո գումար է հավաքելու, որ մանկատան և աղքատ երեխաներին ապահովի ամեն ինչով: Օրինակ` ընտանքի ջերմությամբ, սննդով:
«Ես ուզում եմ որ բոլոր երեխաները ունենան հայր և մայր և աղքատներ չլինեն»,- ասել էր նա:
«Ինչպես Վարդուտում, այնպես և Քաշաթաղի այլ բնակավայրերում ապրում են տաղանդավոր երեխաներ, ովքեր Քաշաթաղի անունը հասցրել են մինչև Երևան` մասնակցելով և հաղթելով տարբեր օլիմպիադաներում ու մրցույթներում»,- ճամբարի փակմանն ասել է Վարդուտի դպրոցի տնօրեն տիկին Բաղիկյանը:
Նա հույս է հայտնել, որ բնակարանաշինության ծրագրին կհաջորդի նաև Վարդուտում մշակութային օջախի կառուցումը, որը կնպաստի ոչ միայն երեխաների այլև համայնքի մյուս բնակիչների կյանքի աշխուժացմանը: Իսկ մինչ այդ նման միջոցառումների կազմակերպումը կարևոր է ` ի նպաստ համայնքի:
«Հայապատում» ԵՀԿ նախագահ Արմեն Մխիթարյանն էլ նշեց, որ տեսնելով ազգային երգի ու պարի ուսուցման ժամանակ մասնակիցների ոգու ուժը, որ նրանց մեջ ներարկել էր «Կայթ» ավանդական պարի համույթի ներկայացուցիչ Գուրգեն Մելքոնյանը` ինքը հույս ունի, որ ճամբարից վերադառնալիս մասնակիցներն այստեղ սովորածը կփոխանցեն իրենց համագյուղացիներին` թե՛ պատանի կամ երիտասարդ, և թե՛ հասուն:
Նա նաև շնորհակալություն հայտնեց վարչապետ պարոն Հարությունյանին ծրագրին աջակցելու համար:
Անի Ասատուրյանն էլ, իր հերթին, կարևորեց ճամբարի անցկացումը հենց Քաշաթաղում, շնորհակալություն հայտնեց մասնակից երեխաների ծնողներին, որոնք ջանք չեն խնայում իրենց երեխաների հայեցի դաստիարակման համար: Այնուհետև «Հայապատում» ԵՀԿ նախագահ Արմեն Մխիթարյանը և «Երիտասարդների աջակցման կենտրոն» ԵՀԿ նախագահ Անի Ասատուրյանը մասնակիցներին հանձնեցին վկայականներ, իսկ «Հայապատում» ԵՀԿ անդամ, ճամբարի կազմակերպիչներից Անի Հովհաննիսյանը շնորհակալագրեր հանձնեց Անի Ասատուրյանին, Աննա Հովհաննիսյանին, Հերմինե Կարապետյանին, Նարինե Թեքնեջյանին և Գուրգեն Մելքոնյանին:
Այդպիսով, ճամբարը փակվեց` լիահույս, որ այն իր շարունակությունը կգտնի հաջորդ տարի թարմացված կազմով, ավելի հարուստ օրակարգով: