07/07/2015 09:09
Համահայկական խաղերը «Հրազդան» մարզադաշտում տեղի չեն ունենա
Համահայկական խաղերը «Հրազդան» մարզադաշտում տեղի չեն ունենա, քանի որ մարզադաշտի սեփականատեր պատգամավորը հրաժարվել է միջոցառումն իր մոտ ընդունել:
Ինչպես հայտնի է, «Հրազդան» մարզադաշտը տնօրինում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի աներորդին։ «Ժողովուրդը» նրանից փորձել է պարզել, թե ինչո՞ւ է մերժել Համահայկական խաղերն իրենց մոտ անցկացնելու առաջարկը:
«Ես չեմ հրաժարվել, «Հրազդան» ստադիոնը սննկացման վճիռ ունի: Արդեն սննկացման կառավարիչ են նշանակել, կառավարչի հետ հանդիպել ենք և պետք է առողջացման ծրագիր մշակենք: Սննկացումից հետո 175 աշխատակիցներից մնացել են երևի 25-ը: Այսինքն՝ սպասարկող անձնակազմին ևս աշխատանքից ազատել են: Ես ասել եմ՝ ստադիոնը տալիս եմ ամբողջությամբ, սպասարկող բերեք, անցկացրեք միջոցառումը: Ի՞նչ է եղել որ: Իրենք էլ որոշեցին ու տեղեկացրեցին, որ իրենց միջոցառումը կանցկացնեն «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում»,- պարզաբանել է արհեստական ճանապարհով ինքն իրեն սնանկացրած Աշոտ Աղաբաբյանը: