07/07/2015 16:51
Լարս անցակետի աշխատանքային ժամերի փոփոխության դրական արդյունքներն արդեն տեսանելի են
Հունիսի 29-ից Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը փոխվել է՝ այսուհետ անցակետն աշխատում է առավոտյան 6:00-ից մինչև երեկոյան 21:00-ը՝ նախկինում գործող 6:00-ից մինչև 18:00-ի փոխարեն: Այս համաձայնությունը ձեռք է բերվել ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի վրաց գործընկերների հետ քննարկումների արդյունքում՝ նպատակ ունենալով ապահովել ամռան և աշնան ընթացքում ՀՀ գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացի սահուն անցումը: Եվ ըստ ստացված առաջին օպերատիվ տվյալների՝ աշխատանքային ժամերի երկարացումը իսկապես հեշտացրել է Հայաստանից արտահանումների գործընթացը, հնարավորություն տալով ավելացնել նաև արտահանվող ապրանքների քանակը:
Նշենք, որ հայ-վրացական անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու գործընթացը կատարվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ՝ ՀՀ գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացի սահուն անցումն ապահովելու համար։ Սա նաև արդյունք էր գարնանը ՀՀ վարչապետի Վրաստան կատարած այցի շրջանակում ձեռք բերված համաձայնությունների:
Նախօրեին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հրապարակեց տեղեկատվություն, համաձայն որի՝ Հայաստանից արտահանվող գյուղատնտեսական մթերքների ծավալը զգալիորեն ավելացել է: Այդպես, ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 40.053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25.719 տոննայի դիմաց:
Հուլիսի 6-ի դրությամբ, մասնավորապես, արտահանվել է 14.463 տոննա ծիրան՝ նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Արտահանվել է 1324 տոննա կեռաս՝ նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:
Անշուշտ դեռ վաղ է խոսել Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ժամերի փոփոխության և տնտեսական շահութաբերության ուղիղ կապի մասին, դա ի հայտ կգա թերևս մեկ ամիս անց արդեն, բայց այն, որ աշխատանքային ժամերի ավելացման շնորհիվ ոչ միայն ավելացել են արտահանման ծավալները, այլև նվազել արտահանման հետ կապված ռիսկերը՝ օրերով հերթում մնալ, ապրանքի փչանալ, գրաֆիկից ուշանալ և այլն, կարող ենք վստահաբար ասել արդեն այսօր:
Հիշեցնենք, որ Վերին Լարս անցակետը միակ ուղիղ վերգետնյա տրանսպորտային կապն է ապահովում Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ մեծ դեր խաղալով արտաքին աշխարհի հետ երկրի տնտեսական կապերի հաստատման համար: Իսկ այսօր, երբ Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, այս անցակետի անխափան աշխատանքի կարևորությունը բազմակի անգամ մեծացել է: