07/07/2015 10:05
Խոստովանել է, որ ինքն է կրակել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ
«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով կալանավորված չորս անձանցից մեկը՝ Հենրիկ Ավագյանը, խոստովանել է, որ ինքն է կրակել մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ: Նա ասել է, որ վախեցնելու նպատակով է կրակել:
Հիշեցնենք, որ Հենրիկ Ավագյանից բացի՝ այս գործով կալանավորվել են նաև Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը և Վիտալի Մինասյանը: Վերջին երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ պատվերով սպանության փորձին օժանդակելու և ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով: Արա Բուդաղյանը մեղադրվում է սպանության փորձի դրդելու մեջ: Բոլոր երեքն էլ իրենց մեղքը չեն ընդունում:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բավական երկար ժամանակ գաղտնալսել է նշված անձանց հեռախոսները, և հենց հեռախոսազրույցների հիման վրա էլ նրանց կալանավորել են»: