07/07/2015 12:00
Լյուբով Կազարնովսկայայի անունը կհայտնվի ադրբեջանական սև ցուցակում
Ռուս հանրահայտ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի անունը նույնպես կհայտնվի ադրբեջանական սև ցուցակում:
Այս մասին հայտնում է ria.ru-ն` ավելացնելով, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատրաստվում է «անցանկալի անձ» հայտարարել երգչուհուն` օրերս Արցախ այցելելու համար:
Նշվում է, որ նախորդ շաբաթ Լյուբով Կազարնովսկայան այցելել էր Արցախ և Ստեփանակերտի երաժշտական դպրոցում վարպետության դաս անցկացրել, ինչը, փաստորեն, նյարդայնացրել է Ադրբեջանին:
Աղբյուրը՝ վկայակոչելով հայաստանյան ԶԼՄ-ներին, նշում է, որ Կազարնովսկայան նախկինում նույնպես մի քանի անգամ այցելել է Արցախ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս տխրահռչակ ցուցակը հրապարակել էր 2013-ին, որում հայտնվել են տարբեր մեծության հայտնի 300 և ավելի անուններ: Ի թիվս այլ անունների՝ այդ ցուցակում է հայտնվել աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալիեն: