07/07/2015 11:45
Հայաստան-Ֆրանսիա. Ի՞նչ սպասել վարչապետի այցից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Ֆրանսիա կարևոր էր մի շարք առումներով: Նախ, ավելորդ է հիշեցնել, թե որքան կարևոր երկիր է Ֆրանսիան մեր պետության համար՝ և տնտեսական, և մշակութային, և բարեկամական ամուր կապեր, որոնք ժամանակի ընթացքում միայն դրական դինամիկա են ստանում: Չմոռանանք նաև, որ Ֆրանսիան հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, այսինքն ուղղակիորեն ներգրավված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Եվ այս ամենը, անշուշտ, վարչապետի մակարդակով այցելությանը (որն, ի դեպ, առաջինն էլ 2007թ-ից հետո) էլ ավելի մեծ կարևորություն ու նշանակություն է հաղորդում:
Սպասումները այցից մեծ են, արդյունքներն էլ շուտով տեսանելի կլինեն: Ի վերջո, երբ նման ներկայացուցչական պատվիրակություն է մեկնում Ֆրանսիա, որը ԵՄ երկրների շարքում շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը, ապա միանշանակ է, որ ձեռնունայն ը վերադառնալ չեն կարող: Նոր ներդրումային ծրագրերը դեռ ծրագրային փուլում են, մշակվում են, դեռ նոր են համագործակցության եզրեր մշակվում, այնպես որ սխալ էր սպասումներ ունենալ, թե վարչապետը կոնկրետ, առարկայական ու հասցեական ներդրումային ծրագրեր է քննարկելու՝ դրանով միտված են զբաղվել գործարարները, այսպես ասած՝ չերևացող , բայց չափազանց կարևոր ֆրոնտի մարտիկները: Բայց միանշանակ է, որ առաջին զարկը, որ կտրվի հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների խթանմանը առևտրաշրջանառության տեմպերի ավելացմամբ կզգանք և հենց այդ մասին է խոսվել երկու երկրների վարչապետերի հանդիպմանը:
Հեռանկարային ներդրումային ծրագրերը, որոնք այս այցի ֆոնին ի հայտ կգան, թերևս ավելի առարկայական կդառնան Ֆրանսիայի վարչապետի պատասխան այցի ժամանակ՝ Հովիկ Աբրահամյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան: Իսկ մինչ այդ կլինեն նաև հայ-ֆրանսիական տնտեսական ու գործարար համաժողովներ, որոնք էլ ամրացնում են պաշտոնական այցերում ձեռք բերված համաձայնությունները:
Եվրոպական երկրներից Ֆրանսիան թերևս եզակին է, որ Երևանում ունի ոչ միայն համալսարան, այլև ֆրանսիական թեքումով մանկապարտեզ, նաև դպրոց: Ու զարմանալի չէ, որ նույն այդ հանդիպմանը վարչապետները Ֆրանսիա-Հայաստան միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևորել են նաև կրթության ասպարեզում արդյունավետ համագործակցությունը և Հայաստանում ֆրանսիական կրթական մի շարք հաստատությունների գործունեությունը: