07/07/2015 16:13
Հ. Սահակյան. Խոսել հանրաքվեի կոնկրետ օրվա մասին նպատակահարմար չէ
«Քանի դեռ բոլոր ընթացակարգերը չենք անցել, խոսել հանրաքվեի անցկացման օրվա մասին նպատակահարմար չէ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով մամուլում առկա տեղեկատվությունն այն մասին, թե իշխանությունները արդեն որոշում են կայացրել և Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի նոյեմբերի 29-ին:
Հ. Սահակյանը նշեց, որ ելնելով իր պաշտոնից, չի կարող այդպիսի լուրերը մեկնաբանել՝ հիշեցնելով, որ մի շարք օրենքներ են կարգավորում հանրաքվեի հետ կապված գործընթացները:
«Առնվազն նախագիծը պետք է հաստատվի, ուղարկվի Ազգային ժողովի քննարկմանը, որոնք կարող են տևել մինչև երեք ամիս ու դրանից հետո ՀՀ նախագահը, որպես նախաձեռնող անձ, նշանակի հանրաքվե: Իսկ այս բոլոր գործընթացները մենք դեռևս չենք անցել, հետևաբար այսօր խոսել հանրաքվեի կոնկրետ օրվա մասին, չեմ կարծում, որ նպատակահարմար է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք համապատասխանում են իրականությանը լուրերը, որ իշխանություններն ամենն անում են, որպեսզի հանրաքվեն մինչև այս տարեվերջ անցկացվի, Հովհաննես Սահակյանն ասաց, որ իր անձնական կարծիքով՝ եթե հանրաքվե պետք է անցկացվի, ապա ճիշտ է դա անել մինչև տարեվերջ:
«Որովհետև հետո մենք ունենք ընտրություններ՝ 2017թ-ի խորհրդարանական ընտրությունները, 2018թ-ին՝ նախագահական և առնվազն անհրաժեշտ է մեկ տարի, որպեսզի կարողանանք օրենսդրական դաշտն այնպիսի կարգավորումների բերել, որ կարողանանք նաև ընտրություններ անցկացնել: Զուտ այս տրամաբանությունն է»,- պարզաբանեց նա:
Հ. Սահակյանը նաև ասաց, թե տեղյակ չի, թե երբ տեղի կունենա հանրապետության նախագահի մոտ հերթական հանդիպումը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնց քննարկման թեման դառնում են սահմանադրական փոփոխությունները.
«Ինձ դեռևս ոչ մի բան այդ հանդիպման մասին հայտնի չէ»: