07/07/2015 20:14
Դրա պատճառով հանգիստն արդեն հանգիստ չէր. Վարդան Սարգսյանը իր «գլխով անցած» արկածների մասին
Ամառն արդեն գրեթե կիսվել է. շատերը հասցրել են հանգստանալ ու անցնել աշխատանքային ռիթմին, շատերն էլ դեռևս սպասում են այդ փափագելի օրերին: Aysor.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնիների 2015 թվականի արձակուրդային քարտեզը:
«Այս տարի ես արդեն հասցրել եմ հանգստանալ մի շարք երկրներում: Ամենատպավորիչը, երևի, Հնդկաստանն էր: Նոր եմ վերադարձել նաև ծովափնյա հանգստից, ընտանիքիս հետ 10 հրաշալի օր վայելեցինք Եգիպտոսում»,- նշեց երգիչ Վարդան Սարգսյանը:
Նրա համար կապ չունի, թե տարվա որ եղանակն է, սիրում է ցակացած պատեհ առիթ օգտագործել հանգստանալու և շրջագայելու համար: «Ինչ վերաբերում է ամառային հանգստին, ապա ասեմ, որ այն ինչպես բոլորի, այնպես էլ ինձ մոտ համադրվում է ծովափնյա հանգստի հետ: Անկեղծ ասած` ինքս այնքան էլ պասիվ հանգստի սիրահար չեմ, բայց երբ ընտանիքիս հետ եմ մեկնում, ինձ շատ լավ եմ զգում. լավ հյուրանոց, ծով, հրաշալի տրամադրություն: Այլ է, երբ մեկնում եմ միայնակ, կամ ընկերներիս հետ: Այդ դեպքում նախընտրում եմ այցելել պատմական քաղաքներ, նաև գիշերային ակտիվ երաժշտական-պարային կյանք վայելել»-անկեղծացավ մեր զրուցակիցը:
Երգիչը կարևորում է, թե ովքեր են գտնվում իր կողքին, իր շրջապատում: Ինչպես ասում է` ամեն մարդու հետ ճամփա չի գնա. «Շատ կարևոր է` ում հետ եմ մեկնում հանգստի և ինչ տրամադրությամբ: Իհարկե, ֆինանս էլ երկրարդական դերում չէ. հաճելի է հանգստանալ լյուքս կարգի հյուրանոցում, բայց հավատացեք, դա կարող է լինել նաև 3 աստղանի հյուրանոց, կամ նույնիսկ «պալատկա», բայց այնքան լավ շրջապատում լինես, որ ժամանակդ ամենալավ հյուրանոցային հանգստից էլ հետաքրքիր անցնի»:
Ճամփորդության ընթացքում արկածների միշտ էլ առընչվում ենք: Վարդանի դեպքում արկածը նրա վրա մի կլորիկ գումար նստեց: «Այս դեպքն ինձ ստիպեց հիասթափվել հանգստից. ընտաիքով մեկնում էինք Թաիլանդ` հանգստանալու: Այնպես ստացվեց, որ Դուբայով պետք է գնայինք: Մի քանի ժամ ազատ էինք, որոշեցինք խանութներում շրջել: «Գնում ես մեկ տուփ ծխախոտ, մյուսը նվեր են տալիս». նման ակցիայի հանդիպեցինք: Քանի որ ծնողներս, ցավոք, ծխում են, որոշեցինք օգտվել այդ ակցիայից և ծխախոտ գնեցինք: Չգիտեինք, որ Թաիլանդ մեկ տուֆից ավել ծխախոտ տանելը համարվում է «կանտրաբանդա»: Երբ 7-8 տուփ ծխախոտով իջանք Բանգկոկում, մեզ տուգանեցին 2160 դոլար: Դա, կարծում եմ, շատ մեծ թիվ է: Ցավոք, վճարեցինք այդ շտրաֆը, բայց դրա պատճառով հանգիստն արդեն հանգիստ չէր»,- արդեն ժպիտով վերհիշեց Վ. Սարգսյանը:
Ի դեպ, ընթերցողներին տեղեկացնենք, որ երգչին շուտով կտեսնեն նաև ATV հեռուստաընկերության եթերում` հաղորդավարի կարգավիճակով. «Ճամփորդությունների մասին նոր հեռուստանախագիծ եմ պատրաստում, որը եթերում կլինի սեպտեմբեր ամսից: Շուտով կմեկնեմ մի շարք հետաքրքիր երկրներ. այնպես որ, այս տարի հանգիստն ու աշխատանքն ինձ մոտ զուգահեռ է լինելու»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: