08/07/2015 09:03
«Օրինաց երկրից» «Հայկական վերածնունդ» կստացվի՞
«Իրավունքը» գրում է. «ՕԵԿ-ը իր հետագա քաղաքական գործունեության համար մտածել է քաղաքական նոր ֆորմատ, որը կոչվում է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորում: Այդտեղ արդեն ընդգրկվել են 1,5 տասնյակի չափ երիտասարդական ՀԿ-ներ, որոնք ունեն ամենատարբեր ուղղվածություն՝ ամենալիբերալից սկսած, ազգայնականով վերջացրած: Խոշոր հաշվով, դա 21-րդ դարին հարիր ցանցային հասարակական-քաղաքական միավորում ստեղծելու փորձ է, իսկ այդ խայտաբղետ կազմակերպությունների միավորման հիմքը, թերևս, խիստ պրագմատիկ է:
Երիտասարդական կառույցները հնարավորություն են ստանում օգտվելու ՕԵԿ-ի կուտակած ռեսուրսից, ու երևի թե, նրանց առանձնապես չի հետաքրքրում, թե ինչքանով է իրենց պատկերացումները համընկնում ՕԵԿ-ի և Արթուր Բաղդասարյանի պատկերացումների հետ, իսկ ՕԵԿ-ը ընդարձակում է իր հենարանը՝ գալիք համապետական ընտրություններին ընդառաջ: Թե վերջնարդյունքում ինչ կստացվի, այս պահին կանխատեսելը բավականին անշնորհակալ գործ է: Բայց մի բան է հետաքրքիր՝ «Հայկական վերածնունդի» լոգոն շատ է նման ԵԺԿ-ի խորհրդանիշին, ինչը թերևս անխուսափելի է ՕԵԿ-ի ցանկացած նախաձեռնության պարագայում»: