16/07/2015 17:54
Նախարար. 200 մլն դոլար վարկով Հայաստանը գնելու է ավելի շատ պաշտպանողական ու կանխարգելիչ զինատեսակներ
Արդեն իսկ ընտրված են այն զինատեսակները, որոնք գնվելու են Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին տրված 200 մլն դոլար արտոնյալ վարկով: Այս մասին այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ ընդգծելով` հիմա կատարվում են որոշակի ճշգրտումներ:
«Պետք է ասեմ, որ այդ խնդիրն արծարծվել է տարբեր տիպի միջազգային հանդիպումների ժամանակ, քննարկվել է Ազգային ժողովում ու դրան հավանություն է տրվել: Նաև ՀՀ և ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության համապատասխան համագործակցության շնորհիվ է, որ հաջողվել է հասել այս պայմանավորվածությանը»,- ասաց նախարարը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ զինատեսակների գնում է նախատեսվում՝ պաշտպանողակա՞ն, թե՞ հարձակվողական.
«Դրանք ժամանակակից են՝ ավելի շատ պաշտպանողական ու նաև կանխարգելիչ են»,- ասաց Սեյրան Օհանյանն՝ ավելացնելով.
«Այդ զինատեսակները հիմք են ստեղծելու զսպան մեխանիզմների ձևավորման համար»:
Հարցին, թե ե՞րբ դրանք կլինեն Հայաստանում, նախարարը նշեց, որ կա համապատասխան ժամանակացույց.
«Զինատեսակները պետք է ՌԴ համապատասխան ձեռնարկություններում պատրաստվեն ու ներմուծվեն Հայաստան: Կան զինատեսակներ, որոնք արդեն իսկ պատրաստ են»: