23/07/2015 19:05
Ադրբաջանի համար սա միջազգային հանրության հետ շանտաժի լեզվով խոսելու վերջին հնարավորություններից մեկն է
Հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի՝ վերջին օրերին նկատված ակտիվությունը, ըստ էության, վերածվում է սեզոնային ավանդույթի և, ամենայն հավանականությամբ, արդեն օգոստոսի սկզբից ռազմաճակատից կրկին տեղեկություններ կգան դիվերսիոն ջոկատների ակտիվացման և լայնամասշտաբ նոր սադրանքների մասին: Ճիշտ է, եթե անցած տարի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումն ավելի շատ մկաններ ցուցադրելու անհաջող փորձ էր, ապա այս անգամ մոտիվացիոն ֆոնը բավական տարբերվում է:
Խնդիրն այն է, որ Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է պայթյունի եզրին: Վերջին տասնամյակներում Հայաստանին մեկուսացնելու համար ամենատարբեր ծրագրերի համար հարյուրավոր միլիոն դոլարներ ծախսած, բանակի արդիականացման համար անհավանական թվեր փոշիացրած, միջազգային քաղաքական և տնտեսական կազմակերպությունների համակրանքը շահելու համար հսկայական գումարներ մսխած Ադրբեջանի առաջ ծառացել է քաղաքական մեկուսացման մեջ հայտնվելու և սնանկ դառնալու իրական վտանգը: Ընդ որում, եթե քաղաքական մեկուսացման վտանգը գալիս է Արևմուտքից, որը փորձում է Բաքվին ցույց տալ իր իրական տեղն ու նշանակությունն, ապա տնտեսական խնդիրներն ունեն շատ ավելի ներքին պատճառներ և կապել դրանք նավթի համաշխարհային գների անկման հետ, այնքան էլ տեղին չէ: Բայց քանի որ այս երևույթի մասին արդեն խոսվել է այնքան, որ կարելի է տասնյակ հատորներից բաղկացած գիտական աշխատություններ հեղինակել, ապա մենք կշրջանցենք այս թեման:
Եվ ահա այս պայմաններում ադրբեջանական զինուժը կրկին սկսել է ակտիվության նշաններ ցույց տալ՝ հայկական դիրքերը կրակի տակ պահելով արդեն ոչ թե և ոչ միայն հրաձգային զինատեսակներով, այլև ականանետերով և նռնականետերով: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Ինչո՞ւ սրել իրավիճակը, սադրել հայկական զինված ուժերին, եթե թե՛ սթափությունը դեռ չկորցրած ու առայժմ չբանտարկված ադրբեջանական փորձագետների, թե՛ միջազգային փորձագետների գնահատմամբ Ադրբեջանը հայկական պետությունների դեպ պատերազմ սկսելու և հաղթելու շանս չունի: Իսկ պատճառն ակնառու է. Ադրբաջանի համար սա միջազգային հանրության հետ շանտաժի լեզվով խոսելու վերջին հնարավորություններից մեկն է:
Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների առաջիկա դադարեցման ֆոնին Ադրբեջանական նավթային պաշարներն ուղղակի դադարում են հետաքրքիր լինել: Բացի այդ, նույն Իրանի հետ կապված իրավիճակը հուշում է, որ նավթի միջազգային գների բարձրացում առաջիկայում լինել չի կարող: Երկրի համար, որը վերջին յոթ ամսվա ընթացքում փոշիացրել է իր պահուստային ֆոնդի 60 տոկոսը, սա բավական տխուր հեռանկար է: Էլ ավելի տխուր է հեռանկարը գալիք տարվա կտրվածքով, քանի որ նավթադոլարներից զրկված Ադրբեջանը չի կարողանալու ո՛չ երեք միլիարդ դոլարի հասնող ռազմական բյուջե ապահովել, ո՛չ էլ հսկայական ծախսեր անել միջազգային ասպարեզում իր հեղինակության փշրանքները գոնե պահպանելու նպատակով: Այսինքն, Բաքվում արդեն հիմա հասկանում են, որ ընդամենը մի քանի ամիս անց Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, մեղմ ասած, ընկալելի չի լինելու:
Ինչ վերաբերում է անձամբ Իլհամ Ալիևին, ապա այս պարագայում նա մտահոգված է ոչ այնքան պետության, որքան սեփական ճակատագրով: Ցույց տալ սեփական թուլությունն ու անզորությունը նրա համար հավասարազոր է մահվան և հենց այդ իսկ պատճառով Ալիևը փորձում է ձևացնել, թե ամեն ինչ վերահսկում է, որ ամեն ինչ կախված է միայն ու բացառապես իրենից: Քանի որ բավական է նրան դույզն-ինչ թուլանալ և տեղական արտադրության բրուտոսները հորից միայն աչքերի արտահայտությունը ժառանգած կրտսեր Ալիևին պատառ-պատառ կանեն: