24/07/2015 20:40
«Ոտքի Հայաստան». Ճանապարհ, որ տանում է դեպի ճահիճ
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը դեռևս երեկ տարածեց հայտարարություն այն մասին, որ հուլիսի 27-ին շարժումը վերսկսելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները և մինչև օգոստոսի 31-ը մտադիր է պարբերաբար շրջափակել Երևանի գլխավոր պողոտաները: Հարկ է, ի դեպ, նկատել, որ «վերսկսել» արտահայտությունն այս շարժման նախաձեռնողները հատուկ կիրառել են, որպեսզի ընդգծեն, թե այս շարժումը «Ո՛չ թալանին» նախաձեռնության շարունակությունն է, իսկ եթե կուզեք՝ նաև «իրավահաջորդը»:
Իրականում, այս դեպքում մենք գործ ունենք հասկացությունների փոխակերպման հերթական փորձի հետ, որն այնքան պրիմիտիվ է իր կառուցվածքով ու բովանդակությամբ, որ ավելի շատ մանր խուլիգանություն է հիշեցնում: Ըստ որում, սա տրորված արահետ է, որը տանում է միայն մեկ ուղղությամբ՝ դեպի ճահիճ:
Այն, որ արդեն շուրջ մեկ ամիս առաջ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը տրոհվեց երկու մասի, գաղտնիք չէ: Ուղղակի հիշեցնենք, որ ցուցարարների մի մասը գտնում էր, թե միջնաժամկետ կտրվածքով անհրաժեշտ է դադարեցնել պայքարը և սպասել իշխանությունների կողմից խոստացված քայլերին, իսկ մյուս հատվածը շարունակեց մնալ Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով միանգամից և անվերապահորեն կատարել ցուցարարների բոլոր պահանջները:
Փաստն այն է, սակայն, որ մի քանի օր անց Բաղրամյան պողոտայում մնացին այնքան քիչ քանակությամբ մարդիկ, որ ոստիկաններից մեծ ջանք և ուժ չպահանջվեց «քույրերին և եղբայրներին» ձեռքերի վրա Բաղրամյան պողոտայից դուրս բերելու և երթևեկությունը վերականգնելու համար: Ընդ որում, արդեն այն ժամանակ հստակ նկատելի էր, որ նոր «շարժումը» ոչ միայն մարգինալացվում է (այս արտահայտությունը, որպես կանոն, օգտագործվում է ժողովրդական «ջանջալացվում է» արտահայտության փոխարեն), այլև այն, որ «հանկարծ» իրենց պարագլուխներս սկսեցին ներկայացնել մարդիկ, ովքեր որևէ կապ չունեին նախորդ նախաձեռնության հետ և սովորական ինքնակոչներ էին:
Եվ հիմա ահա այս նույն մարդիկ, ովքեր նախորդ նախաձեռնությունից յուրացրել են միայն հիմնական պահանջները, կրկին փորձում են գործողությունների իմիտացիա ստեղծել՝ այդ կերպ, սակայն, հետապնդելով բացառապես մեկ նպատակ. ցույց տալ, որ իրենք գոյություն ունեն, և որ իրենք կարող են քաղաքական օրակարգ ստեղծել: Ըստ որում, հացադուլների և ոստիկանական մեքենաներում ինքնավնասումների միջոցով եղբայրացած այս արկածախնդիրներն ինքնախաբեության դաշտում այն աստիճան են մոլորվել, որ բառիս ուղիղ իմաստով պատրաստ են ոչնչացնել այն «դավաճաններին», որոնք իրենց գործունեությանը վերաբերվում են կասկածախառն քամահրանքով:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս նոր նախաձեռնության կազմակերպիչներն են մեղավոր իրենց նկատմամբ եղած թե՛ կասկածի, թե՛ քամահրանքի համար: Կասկածելի են, որովհետև իրենց ամբողջ գործունեությամբ ու հայտարարություններով ամեն ինչ արեցին «Ո՛չ թալանին» նախաձեռնության սկսած շարժումն արժեզրկելու և պախարակելու համար՝ թաքնված կամ բացահայտ ակնարկնելով, թե շարժումն ուղղորդված էր իշխանությունների կողմից և ընդամենը հաղթաթուղթ էր ռուսների հետ բանակցությունների համար: Իսկ քամահրանքի արժանացան, որովհետև նույն այդ գործողություններով հսկայական քանակությամբ մարդկանց ներշնչեցին, որ ցանկացած գործողության ավարտը գարշահոտ ճահիճն է, որտեղ տեր ու տիրական են երեկվա օր չունեցած և, հետևաբար, վաղվանից զրկված մի խումբ մարգինալներ: Իսկ բողոքի կրակը մարելու համար նախատեսված ավելի լավ միջոց պարզապես չկա: