24/07/2015 20:28
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Բելգիայի խորհրդարանին
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը:
«Բելգիան, երեկ ընդունած բանաձևով, ևս մեկ անգամ անհիմն մեղադրում է Թուրքիային և խեղաթյուրում պատմական փաստերը: Սա օրենքի և բարոյականության կոպիտ խախտում է»,- նախարարության կողմից տարածած հայտարարությունը մեջբերում է թուրքական Անադոլու գործակալությունը:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն այս որոշումն ընդունելիս, նպատակ է ունեցել կեղծիք տարածել ստվեր գցելով Թուրքիայի պատմության վրա: Նշվում է, թե այսպիսի քայլերը չեն նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Հիշեցնենք, որ երեկ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, որին կողմ են քվեարկել Ներկայացուցիչների պալատի 124 անդամներ, դեմ՝ ոչ ոք, 8 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել։