24/07/2015 19:50
Տեղի կունենա Հ.Դեմոյանի «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսը
Օգոստոսի 4-ին Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենա Հայկ Դեմոյանի նոր՝ «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» վերնագրով պատկերազարդ մենագրության շնորհանդեսը: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը.
«Այս հատորը 2009թ. լույս տեսած հրատարակության լրամշակված և նորահայտ նյութերով հարստացված տարբերակն է: Հայկական սպորտի և մարմնակրթության պատմությանը վերաբերող և շուրջ 600 լուսանկար պարունակող այս հրատարակության շնորհանդեսին հաջորդելու է նույն օրը Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» խորագրով ցուցադրության բացումը:
Այս ցուցադրության մեջ ներկայացվելու են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտային կյանքին առնչվող բացառիկ բնօրինակ լուսանկարներ, ինչպես նաև մրցանակներ, հազվագյուտ մեդալներ, մարզական մրցումների ազդագրեր, թերթեր և այլն, որոնց մեծ մասը հանձնվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Գրիգոր Ճոլոլյանի ընտանիքի կողմից:
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 4-ին, ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում»,-գրառել է նա: