25/07/2015 13:04
Կարիճի խայթոցի դեպքերն ավելացել են
Այս տարի կարիճի 22 խայթոցի դեպք է գրանցվել, հիմնականում՝ մարզերում: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայության պատասխանատու Հասմիկ Հարությունյանը, հավելելով, որ մեծամասամբ դեպքերն արձանագրվում են Արմավիրի մարզում:
Նա նաև նշեց, որ այս տվյալները ֆիքսել են միայն թեժ գծով, սակայն, թե իրականում քանի դեպք է գրանցված չեն կարող ասել:
«Սա այն դեպքերն են, երբ տուժածները դիմել են բժշկական կենտրոններ»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ կարիճի խայթոցների բուժօգնությունը ընդգրկված է անհետաձգելի բուժօգնության ցանկում և անկախ հիվանդի սոցիալական վիճակից՝ բուժումն իրականցվում է պետպատվերի շրջանակներում:
Նշենք, որ 2014թ-ին ապրիլին կարիճի խայթոցից մահվան ելքով մեկ դեպք է գրանցվել, բացի այդ, 2014 տարի վեց ամսվա ընթացքում գրանցվել է կարիճի խայթոցի ընդամենը 4 դեպք, այս տարի՝ 22, Երևանում՝ 7 դեպք:
Նախարարի հրամանով շրջաբերական է ուղարկվել բոլոր բուժկենտրոններ, որ կարիճի խայթոցի դեպքերը հաղորդեն նախարարության, որպեսզի իրավիճակը վերահսկողությանը տակ լինի, ԲԿ-ն պարտավոր է ունենալու համապաստախան դեղամիջոցներ, ստացել են համապատասխան պատասխաններ:
Կարիճների խայթոցներ
Հայաստանում հանդիպում են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սև և խայտաբղետ։ Մահացության դեպքերը հիմնականում կապված են սուր ալերգիկ ռեակցիաների հետ։ Կարիճները տարածված են տափաս¬տանային, լեռնատափաստանային և կիսաանապատային գոտիներում։ Կարիճները խայթում են հիմնականում մայիս-հոկտեմբեր ժամանակահատվածում։
Նշանները
• խայթած տեղում մուգ կարմիր կետ, որը մեծանում է, և 2 ժամ հետո նրա տրամագիծը կազմում է մոտ 30 մմ,
• ուժեղ ցավ խայթոցի շրջանում,
• բուշտ կամ այտուց խայթոցի շրջանում,
• գլխացավ, գլխապտույտ,
• սրտխառնոց, փսխում,
• ցավ որովայնի շրջանում,
• մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
• կլման դժվարացում,
• շնչառության դժվարացում,
• թքարտադրություն,
• քրտնարտադրություն,
• անկանոն անոթազարկ։
Առաջին օգնություն
• Լվացեք վերքը և պահեք մարմնի այդ հատվածը սառը ջրի տակ։
• Այտուցը նվազեցնելու նպատակով դրեք սառցապարկ կամ սառը թրջոց։ Մաշկի վնասումը կանխելու նպատակով սառցապարկի և մաշկի միջև տեղադրեք որևէ գործվածք։
• Ահազանգեք շտապ օգնություն։ Հնարավոր է, որ տուժածը հատուկ հակաթույնի ներարկման կարիք ունենա։
• Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։