25/07/2015 13:15
Կարծում եմ՝ ինձ մի քիչ պակասում էր «սպորտային» բախտը. Մարտին Բերբերյան
Aysor.am-ի հյուրասրահում տրամադրությունը մարզական է: Այս օրերին Հայաստանում է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող և մարզչական կարիերայով զբաղվող հայ ազատ ոճի ըմբիշ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի 2004 թվականի չեմպիոն, 2005 թվականի աշխարհի առաջնության մրցանակակիր, Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ Մարտին Բերբերյանը: Երիտասարդ ու խոստումնալից մարզիկին տարիներ առաջ նպատակի ճանապարհին վնասվածքը խանգարեց: Սակայն դա նրան չընկճեց: Առաջին սեր, երջանիկ ընտանիք, մարզչական աշխատանք. Ահա սա եղավ նրա օլիմպիական հաղթանակը:
-Ինչո՞ւ հանկարծակի որոշեցիք ավարտել սպորտային կարիերան, հատկապես, որ բավական մեծ հաջողությունների էիք հասել և դեռ ամեն ինչ առջևում էր:
-Ասեմ, որ սպորտային կարիերան ավարտել եմ 2012 թվականին: Մինչև 2008 թվականը մասնակցել եմ Հայաստանի կազմից: Օլիմպիական խաղերից հետո մասնակցում էի ամերիկյան ակումբների կազմում, նաև` իրենց առաջնություններին: Հաղթանակից հետո ծնկի վնասվածք ունեի, անհրաժեշտ էր վիրահատել, որպեսզի կարողանայի երկու ամիս հետո մասնակցել եզրափակիչ մրցումներին, որի ընթացքում որոշվելու էր, թե ով պետք է մեկնի 2012 թվականի օլիմպիական խաղերին: Սակայն վիրահատությունից հետո քիչ ժամանակ ունի, չհասցրեցի լիովին վերականգնվել և արդյունքում 1/8-րդ եզրափակչում զիջեցի իրենց չեմպիոնին: Նա մեկնեց օլիմպիական խաղերին և գրավեց մրցանակային 3-րդ տեղը: Ասեմ, որ դրանից 3-4 ամիս առաջ միջազգային մրցմանը հաղթանակ էի տարել, սակայն նորից ծնկի վիրահատություն էի կատարել: 32 տարեկան էի, և մտածեցի` արդեն սպորտային կարիերան ավարտելու ժամանակն է…
-Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո չէի՞ք ցանկանում գրավել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
-Իհարկե, ոչ միայն աշխարհի, այլև օլիմպիական չեմպիոնի տիտղոսն էի ցանկանում նվաճել: Բայց, ցավոք, միայն աշխարհի բրոնզե մեդալակիր դարձա… Գիտեք, կարծում եմ, ինձ մի քիչ պակասում էր «սպորտային» բախտը: Ըստ իս, բոլոր մարզիկներն էլ ունեն «սպորտային բախտ», մեկին մի քիչ շատ, մյուսին` մի քիչ ավելի քիչ է տրվում:
-Մարտին, ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում ազատ ոճի ըմբշամարտն ավելի թույլ է, քան հունահռոմեական ոճի ըմբշամարտը:
-Ասեմ, որ մեր ժամանակներում ազատ ոճը և հունահռոմեականը գտնվում էին գրեթե նույն վիճակում. մի տարի կարող է մենք շատ մեդալ բերեինք, մյուս տարի` իրենք: Այժմ սերնդափոխություն է եղել, ազատ ոճում ավելի շատ երիտասարդներ կան:
-Երբ դրսից հետևում եք, հայկական սպորտի աշխարհում շա՞տ թերություններ եք նկատում:
-Կա́ն թերություններ, որոնք գալիս են իրենց երիտասարդ լինելու պատճառից: Բայց, կարծում եմ, շուտով ամեն ինչ կշտկվի, իր տեղը կըկնի:
-Արդեն որքա՞ն ժամանակ է, որ բնակվում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ինչո՞վ եք զբաղվում այդտեղ:
-Ամերիկայում ապրում եմ մոտ 9 տարի, զբաղվում եմ մարզչական աշխատանքներով: Շատ ուրախ եմ, որ աշխատում եմ իմ մասնագիտությամբ:
-Հետաքրքիր է, ինչպե՞ս և ինչո՞ւ առաջացավ մեկնելու գաղափարը: Դժգո՞հ էիք հայրենիքից: Այստեղ հարազատներ ունե՞ք:
-Ոչ, հայրենիքից ոչ-մի դժգոհությու չունեի… Ինչ վերաբերում է հարազատներիս, Հայաստանում են ապրում մայրս, եղբայրս` իր ընտանիքով:
-Կարողանո՞ւմ եք միմյանց այցելել:
-Այո, ուրախ եմ, որ իրենք էլ կարողանում են ինձ մոտ գալ: Կարոտս առնում եմ և́ իրենցից, և́ հայրենիքից: Բայց ասեմ, որ հիմնականում ամեն տարի ամռանը ինքս այցելում եմ Հայաստան: Այժմ էլ, արդեն երկու ամիս է, այստեղ եմ, դեռ մեկ ամիս էլ կմնամ:
-Եթե չեմ սխալվում, ամուսնացել եք: Ձեր կինը հայուհի՞ է:
-Այո, ամուսնացել եմ: Իհարկե, հայուհի է, ավելին` նրան ճանաչում եմ, երբ ընդամենը 13 տարեկան էր: Նույն բակում ենք ապրել…
-Շատերն ասում են, որ բավական ազդեցիկ և հարուստ մարդու դստեր հետ եք Ձեր կյանքը կապել: Իրականությո՞ւն է, թե՞ հերթական ասեկոսեն:
-Ոչ, դա ասեկոսե է. ամուսնացել եմ հայ ընտանիքի աղջկա հետ: Տարիներ առաջ էլ նման խոսակցություններ էին տարածվել, բայց նորից կկրկնեմ ու կասեմ` ես ամուսնացել եմ իմ սիրած աղջկա հետ:
-Կարելի է եզրակացնել, որ նա Ձեր առաջին սերն է եղել:
-Այո, ճիշտ կռահեցիք (ժպտում է):
-Աշխատո՞ւմ է:
-Օրվա կեսն է աշխատում, այնուհետև զբաղվում է երեխաների հետ:
-Կպատմե՞ք երեխաների մասին:
-Ունեմ երկու հրաշք աղջիկներ. մեծը 8 տարեկան է, փոքրիկը` 3:
-Ձեր փոքրիկներին, փաստորեն, մեծացնում եք հայկական մշակույթից, բարքերից հեռու: Չունե՞ք մտավախություն, որ կարող են ամբողջովին հեռանալ արմատներից:
-Նման մտավախություն ընդհանրապես չունեմ, քանի որ աղջիկներս մեծանում են հայկական ու հայեցի ընտանիքում: Ավագ դուստրս հաճախում է հայկական դպրոց, մաքուր հայերեն է խոսում, գրում: Փոքրիս նույնպես տիրապետում է հայերենին: Նրանք ամեն տարի ամառային արձակուրդներն անց են կացնում հայրենիքում:
-Ինչպիսի՞ն եք բնավորությամբ:
-Բնավորությամբ շատ հանգիստ եմ:
-Ճի՞շտ է, որ սպորտսմենները վիճաբանություններից, ծեծկռտուքներից նախընտրում են հեռու մնալ:
-Այո, աշխատում ենք հեռու մնալ և ավելի շատ հաշտեցնողի դերում լինել:
-Մարտին, ովքե՞ր են այդտեղ Ձեր ընկերները:
-Շատ ընկերներ ունեմ, նրանք հիմնականում ըմբիշներ են, մարզիկներ:
-Հայաստանում և՞ս ունեք ընկերներ:
-Ինչպե՞ս կարող եմ հայրենիքում ընկերներ չունենալ: Չէ՞ որ մեծացել եմ Հայաստանում, իմ ընկերների հետ տարիներով «քրտինք» եմ թափել սպորտում:
-Դերասանների, երգիչների աշխարհում նախանձը շատ է: Հետաքրքիր է, տղամարդկանց մեծ աշխարհում` սպորտում, և՞ս նման զգացողություններ կան:
-Ինձ մոտ նման զգացողություն չկա: Չգիտեմ` մյուսներն ինչ են զգացել, բայց ես միշտ ուրախացել եմ, երբ մեր մարզիկներից որևէ մեկը հաջողության է հասել:
-Ի՞նչ եք կարծում, երբևէ կվերադառնա՞ք հայրենիք…
-Կարծում եմ, դեռ այստեղ կբնակվեմ: Վերադարձի մասին դեռ չեմ մտածել: