25/07/2015 13:41
Գ. Ծառուկյանը 500 հազար դոլար է նվիրաբերել Կիլիկիոյ կաթողիկոսության ծրագրերի իրականացման համար
Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. վեհափառ հայրապետի հրավերով Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, բարերար Գագիկ Ծառուկյանը գտնվում է Լիբանանում: Նախօրեին Գ. Ծառուկյանն այցելել է Անթիլիասի մայրավանք, ուր ծանոթացել է Անթիլիասի Մայրավանքի և Ս. Գրիգոր Լուսավորիչ մայրավանքին: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գ.Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Ազդակ» օրաթերթի հաղորդմամբ, Գ.Ծառուկյանը ծանոթացել է նաև մատենադարանին, թանգարանին, Ցեղասպանության զոհերի հիշատակի մատյանին: Ապա մեկնել Պիքֆայա, ուր հանդիպում է ունեցել Արամ Ա. կաթողիկոսին հետ` Լիբանանի և Բերիոյ թեմերի առաջնորդների մասնակցությամբ: Իսկ մինչ հանդիպումը Գ.Ծառուկյանն այցելել Ս. Աստվածածին եկեղեցի, Հայոց ցեղասպանության հուշարձանին ծաղկեպսակ տեղադրել:
Արամ Ա. Կաթողիկոսի հետ շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ կաթողիկոսն ընդգծել է, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը ոչ միայն պատմական աթոռ է, այլ նաև պատմական առաքելություն ունի՝ հայ ժողովուրդի ճակատագրական հանգրվանին ու ցեղասպանությունից հետո կարևոր դերակատարում ստանձնած սփյուռքում` հայապահպանման, ինչպես նաև եկեղեցաշինության և դպրոցաշինության աշխատանքներում:
«Մեր ազգային պահանջատիրության և մեր իրավունքների ձեռքբերման գծով այս աթոռը կարևոր դերակատարություն ունեցավ սփյուռքի համար»,- շեշտել է վեհափառ հայրապետը:
Արամ Ա. Կաթողիկոսը նաև ընդգծել է, որ Հայաստան-սփյուռք կապը դիտվում է համապարփակ ամբողջության մեջ, փորձելու են անել ամենը Հայաստանը հղորացնելու համար, քանի որ հավատում են, որ Հայաստանի հզորացումը սփյուռքի հզորացումն է.
«Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության սուրբ աթոռը միշտ աջակից է եղել Հայաստանի պետականության հզորացման և Հայաստանի ժողովուրդի բարօրությանը: Անձն իր գործով կարժևորվի»,-հավելել է նա՝ գնահատելով Ծառուկյանի կատարած բարեգործությունները հատկապես եկեղեցաշինության գործում:
Իր հերթին Գագիկ Ծառուկյանն ասել է, որ գնահատում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության հայապահպանման և համախմբմանն ի նպաստ տարած աշխատանքը: Նաև տեղեկացրել, որ «Գագիկ Ծառուկյան հիմնադրամը» 500 հազար դոլար է նվիրաբերում Կիլիկիոյ կաթողիկոսության ծրագրերի իրականացման համար: