25/07/2015 15:35
Ստեփանավանում իր դռները բացեց ամառային ներառական ճամբարը
Նախօրեին Ստեփանավանում, «Լիարժեք կյանք» ՀԿ–ի մարզաճամբարային բազայում ամառային ներառական ճամբարի աշխատակազմը դիմավորել է ճամբարական առաջին հերթափոխին: 6-րդ տարին է` «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է ներառական ճամբարներ` 10-16 տարեկան հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար:
ՀԿ-ից տեղեկացնում են, որ «Ամառային ներառական ճամբար 2015 »-ը գործելու է 4 հերթափոխով` յուրաքանչյուրը` 7 օր տևողությամբ (առաջինը՝ հուլիսի 24-օգոստոսի 20-ը): Ճամբարականները Հայաստանի տարբեր քաղաքներից են` շուրջ 200 երեխաներ, որոնցից 100-ից ավելին` հաշմանդամություն ունեցող, մնացյալը` սոցիալապես անապահով ընտանիքներից:
Ճամբարի բացմանը «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը կարևորել է ներառական ճամբարների կազմակերպումը: Նրա խոսքով, յուրաքանչյուր ամառ հազարավոր երեխաներ ամառային հանգիստ են առնում Հայաստանի ճամբարներում, բայց, ցավոք, հաշմանդամություն ունեցող երեխաներից շատերը զրկված են այդ հնարավորությունից՝ ներառականության սկզբունքի բացակայության պատճառով.
«Արդեն 6-րդ տարին է գործում է ներառական ճամբարը, ուր միասին հանգստանում են հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաներ։ Շատ կարևոր է, որ քաղաքականություն մշակողներն ու որոշում կայացնողները մշտական ուշադրության կենտրոնում պահեն բոլոր երեխաների՝ ամառային հանգիստ ունենալու իրավունքը՝ առանց խտրականության»,- ասել է նա:
Ճամբարում երեխաները ակտիվ հանգիստը համատեղում են կիրառական հմտությունների ձեռքբերման հետ. դիտում են ֆիլմեր, խաղեր խաղում, ծանոթանում առողջ ապրելակերպին, խաղում բոչիա /boccia/, մասնակցում արվեստի թերապիայի /նկարչություն, փայտի գեղարվեստական փորագրում, կավագործություն, պար/ դասերի և հոգեբանական զրույցների:
«Ամառային ներառական ճամբար - 2015» - ը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ և Լիտվայի դեսպանատների, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, «Վալեքս» խմբի, Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի, ինչպես նաև ՄԱԿ Պարենի ծրագրի աջակցության շնորհիվ։