25/07/2015 12:12
Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու պահանջով անժամկետ նստացույց է սկսվել
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր ժամը 11:00-ից անժամկետ նստացույց է սկսել Ազատության հրապարակում:
Նախաձեռնության հանձնախմբի անդամ Գագիկ Սարուխանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ ամեն բան նորմալ է, ոստիկանները մոտեցել խոսել են, հետ գնացել, այժմ որևէ խոչընդոտ չկա:
Նա նշեց, որ երեք հոգի է մասնակցում այժմ նստացույցին, և հերթափոխով կպահպանեն ամենաքիչը այդքան մասնակիցների թիվը:
Նստացույցը սկսվել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու պահանջով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի վաղաժամ ազատման հայցը մերժվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովն առանց որևիցե պատճառաբանության: