27/07/2015 13:51
«Միցուբիշին» հեռանում է ԱՄՆ-ից
1870-ականներին հիմնադրված ճապոնական հսկան` «Միցուբիշին», աշխարհում ամենահայտնի մեքենաշինական ապրանքանիշերից է: Մեկ դարից ավել գործունեության փորձ ունենալով` «Միցուբիշին» հիմնականում կարողացել է հարմարվել շուկայական փոփոխություններին և իր սպառողներին մատուցել ավելի պահանջված ապրանքներ: Լինում է նաև այնպես, որ որոշ շուկաներ վերջնականապես սպառում են իրենց, և գալիս է դրանք լքելու ժամանակը: Վերազգային կորպորացիաների պատմությունը վկայում է, որ ճիշտ ժամանակին լճացող շուկան չլքողները առերեսվել են ֆիասկոյի հետ:
Արդեն 2012 թվականին «Միցուբիշին» վաճառել էր իր գործարանը Նիդերլանդներում` հաշվի առնելով սպառման ծավալների կտրուկ նվազումը:
Վերջերս «Kyodo» գործակալությունը հաղորդեց, որ ճապոնական մեքենաարտադրող «Միցուբիշի Մոթորսը» որոշել է դադարեցնել ԱՄՆ-ի տարածքում մեքենաների արտադրությունը և կենտրոնանալ արագ զարգացող ասիական շուկաներում: Արտադրության դադարեցման պատճառ են հանդիսացել ԱՄՆ-ում վաճառքների ցածր ցուցանիշները:
Գործակալության աղբյուրները նշում են, որ «Միցուբիշին» մտադիր է վաճառել իր գործարանը Իլինոիս նահանգում, որտեղ արտադրվում է տարին շուրջ 60 հազար արտաճանապարհային ավտոմեքենա (արտադրության հզորությունը կազմում է տարեկան 120 ավտոմեքենա): Այն բանից հետո, երբ արտադրությունը ԱՄՆ-ում կփակվի, ավտոարտադրողները նպատակ ունեն կենտրոնանալ ասիական շուկաներում և զարգացնել սեփական արտադրությունները, թե’ Թայլանդում և թե’ Ֆիլիպիններում:
Ռուսաստանում նույնպես «Միցուբիշիի» վաճառքի ցուցանիշներն այս տարի իջնում են: Դրա պատճառ է հանդսացել տնտեսության մեջ առկա բացասական տենդենցը, և ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի նվազումը: Եվրոպական բիզնես միության (ԵԲՄ) ցուցանիշներով վեց ամսվա ընթացքում վաճառվել է ընդամենը 19,4 հազար ավտոմեքենա, ինչը կիսով չափ քիչ է նախորդ տարվա ցուցանիշից: Չնայած դրան` ընկերությունը պահպանում է իր դիրքերը Ռուսաստանում ամենավաճառվող ավտոմեքենաների թոփ քսանում: Ընդանուր հունվար-հունիս ամիսների ընթացքում ռուսական շուկայում վաճառվել է 782 հազար սեդան ավտոմեքենա, ինչը 36,4 %-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հիշեցնենք, որ «Միցուբիշին» չի սահմանափակվում միայն ավտոմեքենաշինությամբ: Ճապոնական այս հսկան գործունեություն է ծավալում այնպիսի ոլորտնեում, ինչպիսիք են ավիաարտադրությունը, էլեկտրոնիկան, էներգետիկ սարքավորումների թողարկումը և այլն: