27/07/2015 14:27
Ալեքսանդր Ամարյան. «Ոչ թալանին» նախաձեռնության անվան տակ շատ աղանդավորներ են սողոսկել
Կրոնական կազմակերպությունները սկսել են իրենց նոր անդամներին հավաքագրել ճամբարների միջոցով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Նա նշեց՝ ամառային ու ձմեռային ճամբարներ ունեն մի շարք կրոնական կազմակերպություններ:
«Պատկերացրեք՝ երեխաները հոգնած են ու 10 օր իրենց անընդհատ ինչ-որ բան են սովորեցնում, քարոզում»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը:
Իրավիճակը ինչ-որ կերպ կարգավորելու համար նա իշխանություններին կոչ արեց վերահսկել ճամբարները:
«Վերջին տարիներին աղանդավորները փոխել են իրենց աշխատանքի սկզբունքները ու փորձում են ներգրավել հատկապես երիտասարդներին: Պատճառն այն է, որ երիտասարդները գունավոր հեղափոխությունների համար հիանալի հիմք են»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը:
«Չեմ ուզում վարկաբեկել «Ոչ թալանին» նախաձեռնությունը, բայց նրանց անվան տակ շատ աղանդավորներ են սողոսկել»,- ասաց բանախոսը: