27/07/2015 18:15
«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունն նստացույց է սկսում Հանրապետության հրապարակում
«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարարություն է տարածել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Հանրապետության հրապարակում 72-ժամյա նստացույց անցկացնելու մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Սերժ Սարգսյանի հունիսի 27-ի ելույթից անցել է 1 ամիս, սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիների կողմից բողոք առաջացրած հարցը առ այսօր որևէ կարգավորում չի ստացել: Մասնավորապես.
1. Միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ներգրավել միջազգային աուդիտորական ընկերություն՝ ՀԵՑ-ի բոլոր տարիների գործունեությունը ստուգելու համար, չի մեկնարկել:
2. Բարձրացված սակագնի հիմնավոր լինելը ստուգելու համար միջազգային խորհրդատվական ընկերություն առ այսօր չի ընտրվել: Միայն այսօր ՀԾԿՀ-ն ընդունեց որոշում՝ այդ ուղղությամբ ձեռնարկել քայլեր, որոնց ապագան մշուշոտ է: Բացի այդ, ՀԾԿՀ-ն իր որոշմամբ չի ամրագրել, որ խորհրդատվական ընկերության ընտրությանը մասնակցելու են քաղաքացիները, սակայն ամրագրել է, որ ընտրության վերջնական որոշումը ընդունելու է Կառավարության աշխատակազմը:
3. Օգոստոսի 1-ից սակագնի բարձրացման փոխհատուցման ուղղությամբ որևէ քայլ չի արվել, խնդիրը կարգավորող որևէ իրավական ակտ չի ընդունվել:
Այդ պատճառով «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը որոշել է Երևանի «Հանրապետության» հրապարակում անցկացնել 72-ժամյա նստացույց՝ կրկին առաջ բերելով բոլոր այն պահանջները, որոնք ի սկզբանե առաջադրվել էին քաղաքացիների կողմից Բաղրամյան պողոտայի ակցիաների ժամանակ: Նստացույցի նպատակն է՝ իրազեկել ՀՀ քաղաքացիներին, որ խնդիրը կարգավորելու ուղղությամբ որևէ գործնական քայլ իշխանությունների կողմից առ այսօր չի կատարվել:
Նստացույցի անցկացման կարգը
- Նստացույցը անցկացվելու է Երևանի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում:
- Նստացույցի մասնակիցների թիվը առաջին 24 ժամվա ընթացքում (հուլիսի 27-ի, 18:00-ից մինչև հուլիսի 28-ի, 18:00) չի գերազանցելու 30 հոգին, 2-րդ 24 ժամվա ընթացքում (հուլիսի 28-ի, 18:00-ից մինչև հուլիսի 29-ի, 18:00)՝ 60 հոգին, իսկ 3-րդ 24 ժամը (հուլիսի 29-ի, 18:00-ից մինչեւ հուլիսի 30-ի, 18:00)՝ 90 հոգին:
- Նստացույցը իրականացվելու է 3-ժամյա հերթափոխներով: Յուրաքանչյուր 3 ժամը մեկ, իր հերթափոխը ավարտած խումբը կազմակերպված դուրս է գալու հրապարակի կենտրոնից՝ նրան փոխարինող խումբը մտնելու է հրապարակի կենտրոն:
- Արևից պաշտպանվելու համար նստացույցի մասնակիցները օգտագործելու են անձնական հովանոցներ:
- Նստացույցի մասնակիցները իրենց հետ ունենալու են միայն ջուր:
- Նստացույցի վայրում տեղադրված է լինելու 3 պաստառ՝ 3x1,5 մ չափի:
Ոստիկանության աջակցությունը
Ամեն 3 ժամը մեկ, 1 րոպեով դադարեցնել հրապարակի կենտրոնին հարող փողոցի երթևեկությունը՝ հերթափոխող խմբերի դեպի հրապարակի կենտրոն անցնելու և կենտրոնից հետ վերադառնալու համար:
Նստացույցի վաղաժամկետ դադարեցումը
Նստացույցը կդադարեցվի այն պահին, երբ ՀԾԿՀ-ն՝ Իրավական ակտերի մասին օրենքի 75-րդ հոդվածի պահանջների համաձայն, չեղյալ կճանաչի սակագների բարձրացման իր ընդունած որոշումը:
Նստացույցի հետ կապված բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույթներին համապատասխան»,- ասված է «Ոտքի՛ Հայաստանի»-ի հայտարարության մեջ: