27/07/2015 14:55
Եզդիներն առանց սահմանադրական բաեփոխումների էլ կարող են իրենց ներկայացուցիչն ունենալ ԱԺ-ում
Հայաստանի եզդիական համայնքը միշտ էլ կողմ է եղել և անգամ ցանկություն է հայտնել, որպեսզի Ազգային ժողովում պատգամավոր ունենա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման հայտարարություն արեց «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը՝ կարծիք հայտնելով, թե Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ իրականացնելով դա հնարավոր է կազմակերպել, բայց պարտադիր չէ, որ դրա համար Սահմանադրություն փոխեն:
«Սահմանադրական փոփոխությունների կարիք հանրությունը, ինչպես նաև եզդի համայնքը չի տեսնում: Եզդիական համայքնը նունպես կարծում է, որ սահմանադարական փոփոխությունների անհրաժեշտություն չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ ազգային փոքրամասնությունները ևս ՀՀ քաղաքացի են և կարող են ազատ արտահայտվել հարցի հետ կապված և սահմանադրական բարեփոխումները վերաբերում են նաև ազգային փոքրամասնություններին:
«Երբ համայնքի ղեկավարներն ասում են, որ Սահմանադրությունը լավն է, պետք է հաշվի առնեն նաև մնացած կետերը՝ ինչպես է լինելու կառավարումը, ովքեր են լինելու ընտրիչները: Պետք է բոլոր կետերը հաշվի առնել, միայն չկետրոնանալ այս կամ այն կետի վրա: Միայն մարդու իրավունքներով և պատգամավորի ներկայությամբ հնարավոր չէ ապրել բարեկեցիկ կյանքով»,-հավելեց նա:
«Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանն էլ իր հերթին նշեց, թե սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն դեռ չկա. «Մենք, որպես հանրության մի մաս, դրա կարիքը չենք զգում: Երբ հանրությունը կզգա, որ դրա անհրաժեշտությունը կա, մենք էլ կմիանանք այդ բարեփոխումներին: Կարծում եմ, որ առանց սահմանադրական բարեփոխումների էլ ազգային փոքրամասնությունները կարող են իրենց ներկայացուցիչն ունենալ ԱԺ-ում»,-ասաց նա: