27/07/2015 12:23
Եզդիներին փորձում են կրոնափոխ անել. Հայաստանում եզդի համայնքի ներկայացուցիչներն ահազանգում են
Եզդիների ցեղասպանությունը մինչ օրս շարունակվում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը: Նա տեղեկացրեց նաև, որ Թուրքիայում եզդի փախստականների ճամբարում անմխիթար վիճակ է, գրեթե ամեն օր հինգ-վեց եզդի է մահանում:
Նրա խոսքով՝ Իրաքում ապրող եզդիները ոչ միայն ենթարկվել ցեղասպանության, այլև լքել են այն տարածքները, որտեղ պատմականորեն ձևավորվել է եզդի էթնոսը: «Թուրքիայում գտնվող եզդի փախստականների ճամբարում ջրի և սննդաթերքի խնդիր չկա, բայց այստեղ իրավիճակն այլ է: Թուրքիան ուզում է նրանցից ազատվել»,- նշեց Սուլթանյանը:
Ըստ նրա՝ այսօր 4 հազար եզդի կանայք և աղջիկներ իսլամիստների կողմից բռնությունների են ենթարկվում, նրանց վաճառում են նաև սև շուկայում, 100-150 դոլարով:
«ՄԱԿ-ը միայն հայտարարություններ է անում և դատապարտում, բայց դատապարտել կարող են բոլորը: Պետք է ռեալ քայլեր իրականացնել, ցեղասպանությունը կանխելու և եզդի կանանց ու աղջիկների կյանքը փրկելու ուղղությամբ»,- նկատեց նա:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանն էլ իր հերթին նշեց, որ եզդի փախստականների ճամբարներում հայտնված մարդկանց օգնություն է անհրաժեշտ: Վերջինս ընդգծեց, որ համաշխարհային կազմակերպությունների կողմից եզդիներին տրվող օգնությունը հասնում է քրդական իշխանությունների միջոցով, իսկ փախստականերից պարբերաբար հասնող ինֆորմացիան հուշում է, որ քրդական իշխանությունները եզդիների վրա ճնշումներ են գործադրում: «Նույնիսկ սպանություններ են տեղի ունեցել, կյանքից զրկել են այն եզդիներին, ովքեր հաց ու ջուր են ուզել»,- ասաց նա:
Նա նաև ահազանգեց, որ եզդիներին տրամադվող սննունդը ժամկետնանց է: Նրանց նաև փորձում են կրոնափոխել: