27/07/2015 12:54
Մկրտիչ Մինասյան. Խոսակցությունները, թե «Զվարթնոցի» շենքը խիստ վթարային վիճակում է, չեն համապատասխանում իրականությանը
Եթե անհրաժեշտություն կա ամրացնելու «Զվարթնոցի» շենքը, կարող են ամրացնել, բայց չի կարելի քանդել: Այս մասին այսօր լրագրղոների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ճարտարապատների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Խոսակցությունները, թե «Զվարթնոցի» շենքը խիստ վթարային վիճակում է, չեն համապատասխանում իրականությանը: Հայաստանը շատ անփույթ է պատմական կառույցների նկատմամբ: Երբ ասում են, այդ շենքի ժամկետը անցել է, կարող ենք քանդել, նորը կառուցել, բայց հին շենքերը անհրաժեշտ են, որովհետև դրանք փայլուն կառույցներ են»,- ասաց Մ. Մինասյանը:
Մ. Մինասյանը ասաց, որ Հանրային խորհուրդը դրական է գնահատել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նոր առաջարկությունը՝ պահպանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի աշտարակը՝ միևնույն ժամանակ հաստատելով, որ կառույցի ամբողջական տեսքի պահպանումը, հատկապես մասնագետների հավաստմամբ, հնարավոր է մասնաշենքի նպատակային օգտագործման և ճարտարապետական արժևորման տեսանկյունից:
Նրա խոսքով՝ շենքը չի կարելի քանդել, կարելի է մի քանի ամրացման աշխատանքներ անել: Ճարտարապետների միությունը ՀՀ կառավարությանն առաջարկելու է նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման և օգտագործման հարցում ներգրավել նաև կառույցի հեղինակներին և Հայաստանի անվանի ճարտարապետներին: