27/07/2015 10:00
Էժան հոսանքի արտադրությունն ավելացել է
Էներգաարտադրության կառուցվածը այս տարի Հայաստանում բարելավվել է՝ գրեթե վերադառնալով 2011թ. վիճակին։ Մասնավորապես նկատելի է էժան հոսանքի արտադրության ծավալների ավելացում։
Սա կարեւոր է նրանով, որ հանդիսանում է էլեկտրաէներգիայի սակագների վրա ազդող հիմնական գործոններից մեկը։ Խնդիրն այն է, որ սակագների սահմանման հիմքում դրված են որոշակի չափաքանակներ՝ տարբեր կայաններում արտադրվող եւ բաշխիչ ցանցերին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալների վերաբերյալ։ Դրանց ցանկացած շեղում բերում է ֆինանսական հոսքերի փոփոխության։ Տարբեր գործոնների հետեւանքով վերջին տարիներին թանկ հոսանքի արտադրության ծավալներն ավելին են եղել, քան հաշվարկել է սակագնում։ Թերեւս դա էլ դարձել է համակարգում ֆինանսական խնդիրների առաջացման հիմնական պատճառներից մեկը։
Այս տարվա սկզբին հոսանքի արտադրության կառուցվածքում նկատելի են դրական փոփոխություններ։ Տարեսկզբի հինգ ամիսների տվյալներով, հէկերը եւ ատոմակայանը տվել են արտադրված էլեկտրաէներգիայի ավելի քան 70 տոկոսը։ Նախորդ երեք տարվա համար այս ցուցանիշը լավագույնն է։ 2104թ. նույն ժամանակահատվածում հիդրոկայանների եւ ատոմակայանի բաժինը ընդհանուր էներգաարտադրության մեջ կազմել էր ընդամենը 60 տոկոսը։ Այդպիսին էր պատկերը նաեւ 2012թ.։ 2013թ.էժան հոսանքի քանակը ընդհանուր արտադրության մեջ հասնում էր 65,8 տոկոսի։
Ընթացիկ տարվա սկզբին էներգաարտադրության կառուցվածքը շատ մոտ է 2011թ. մակարդակին։ Այն ժամանակ էժան կայաններում արտադրված հոսանքի մասնաբաժինը 71 տոկոսի սահմաններում էր։
Այս տարվա առաջին կեսի եւս միտումները բավական հուսադրող են։ Թեեւ կան նաեւ մի շարք գործոններ, որոնք կարող են փոխել առկա հարաբերակցությունը։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը։ Այսպես ասած, էժան կայաններն աշխատում են առավելագույն հզորությամբ։ Ուստի, եթե հավելյալ արտադրության անհրաժեշտություն առաջանա, ապա դա կարող է լինել հիմնականում ջէկերի հաշվին։
Ատոմակայանում էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեսկզբի հինգ ամիսներին ավելացել է 15,5 տոկոսով։ Այն գերազանցել է 1 մլրդ 266 մլն կՎտ-ն։ Վերջին չորս տարիներին կայանը նույնքան հոսանք է տվել միայն 2013թ.։
Բնակլիմայական բարվոք վիճակը նպաստել է նաեւ հիդրոկայաններում արտադրված էլեկտրաէներգիայի ավելացմանը։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 8,7 տոկոս։ Հէկ-երում արտադրության քանակները գերազանցել են նաեւ 2012-2013թթ. մակարդակը։
Ի տարբերություն ատոմակայանի եւ հէկերի, էապես նվազել է ջերմային կայաններում արտադրված հոսանքի քանակը, որը կրճատվել է 26,5 տոկոսով՝ կազմելով 940 մլն կՎտ։ Սա վերջին երեք տարիներին արձանագրված ամենացածր ցուցանիշն է։
Էներգաարտադրության կառուցվածքում տարեսկզբին նկատվող այս փոփոխությունները միանշանակ դրական գործոն են համակարգի ֆինանսական շարժերի համար։ Դա հնարավորություն է տալիս գոնե ընթացիկ պարտքեր չկուտակել՝ պայմանավորված արտադրության կառուցվածքով։