27/07/2015 18:36
Ոստիկանությունը թույլ չի տալիս «Ոտքի Հայաստանին» նստացույց անել հրապարակի գորգի վրա
Ոստիկանությունը թույլ չի տալիս «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժմանը «Հանրապետության» հրապարակի կենտրոնում նստացույց անցկացնել, ինչպես նախատեսվել էր կազմակերպիչների կողմից: Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ իրենք պնդելու են, որպեսզի նստացույցն անցկացնեն հրապարակի գորգի վրա և ոչ թե այլընտրանքային վայրերից մեկում, որոնք առաջարկվել են իրավապահների կողմից:
«Դժվար է, այո, շոգ է՝ արևի տակ երեք ժամ նստել, բայց մենք հաստատակամ ենք մեր պայքարը անկացնել հենց այսպես, ինչպես որոշել ենք: Ոստիկանության գործողությունները գնահատում ենք որպես խոչընդոտ՝ ազատ ակցիայի անցկացման: Չենք զիջելու և պատրաստ ենք նաև քաղաքացիական անհնազանդություն դրսևորել, բայց նստացույցն անցկացնել հենց գորգի վրա. լինելու ենք հետևողական»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ա.Ղուկասյանը:
Նա նշեց, որ նստացույցը 72-ժամյա է նախատեսված, երեք ժամը մեկ հերթափոխով փոխվելու են: Իրենք ոստիկանությանն առաջարկել են երեք ժամը մեկ 1 րոպեով փակել ճանապարհը, որպեսզի հերթափոխ իրականացվի:
Այս պահին «Ոստի Հայաստանը» խորհրդակցում է: Ոստիկանությանն էլ մինչև ժամը 18:50 ժամանակ է տրվել:
Նշենք, որ նստացույցը նախաձեռնվել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու պահանջով: Նստացույցի կազմակերպիչներն են Արամ Թարվերդյանը, Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Սանասարյանը: