28/07/2015 17:17
«SOS»-ի գործով ոստիկանության հայցի տակ ստորագրել է երկու մասնավոր անձ
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հակասահմանադրական է համարում այն հոդվածը, որին հղում անելով իրեն այսօր հեռացրեցին ինտերնետային «SOS» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով վարույթից: Այս մասին այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկել է համացանցային «SOS» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցի քննությունը: Այն հետաձգվել է:
«Ինձ և ոստիկանների ներկայացուցչին հեռացրեցին վարույթից, կարծում եմ` հակասահմանադրական որոշում կայացվեց: Դատարանը այդ որոշումը պատճառաբանեց նրանով, որ դատարանում ներկայացուցչությամբ կարող է հանդես գալ միայն փաստաբանը, իսկ բացառությունը փաստաբան չլինելու հետ կապված ազգակցական կապն է, սակայն սա ձևական բնույթ է կրում, անհասկանալի է` ինչ սահմանադրական արժեք է պաշտպանում դա, կարծում եմ, որ այն հակասում է Սահմանադրությանը»,-ասաց իրավապաշտպանը:
Ա. Զեյնալյանի խոսքով՝ ոստիկանության ներկայացրած հայցի տակ ստորագրել է երկու մասնավոր անձ՝ ոստիկանության աշխատակիցներ:
«Մենք դեռևս հանդես չենք եկել մեր խոսքով, և եթե մեկնաբանեմ, ապա այդ արտահայտությունները հասու կլինեն մեր մրցակցին, ինչը մեր դիրքերը կթուլացնի: Այդ պատճառով էլ մենք հաջորդ դատական նիստին համապատասխան խոսքով հանդես կգանք»,- ասաց նա:
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ «SOS» հաղորդման ընթացքում չի հնչել որևէ վիրավորանք:
«Անվանումը G սլեշ 7 է դրված, հայց ներկայացնողը դեռևս պետք է ապացուցի, որ դա վիրավորանք, եթե վիրավորանք է, ապա այն պետք է ուղղված լինի կոնկրետ հասցեատերերի դեմ, իսկ ոստիկանությունը՝ որպես իրավաբանական, անգամ ֆիզիակական անձ չհանդիսացող, չի կարող վիրավորել: Եթե դատավորը ապացուցի, որ դա վիրավորանք է, Գյումրիում նոր անկեդոտների մեծ ծավալ ենք ունենալու, վիրավորվողն էլ պետք է ապացուցի, որ հենց իրենց են վիարվորել»,- ասաց Լ. Բարսեղյանը: