28/07/2015 16:33
Մեկնարկել է «SOS»-ի գործով դատական նիստը
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկել է համացանցային «SOS» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցի քննությունը:
Նշենք, որ խոսքը հաղորդավարի այն անդրադարձի մասին է, որը վերաբերվում է մայիսի 13-ին ՀՀ նախագահական նստավայրի դարպասների մոտ բանակում մահացած զինվորների մայրերին փողոցով քարշ տալու միջադեպին:
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներ Սերգեյ Զաքարյանի, Հովհաննես Քոչարյանի և Արթուր Մադաթյանի ներկայացրած հայցի համաձայն` նրանց պահանջն է քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկել հաղորդավարին «SOS» հաղորդման 11-րդ թողարկման ընթացքում ոստիկաններին հրապարակայնորեն վիրավորելու և «շան տղերք» անվանելու համար:
Ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը, ներկայացնելով հայցը, ասաց, որ Վիլեն Գայֆեջյանը խախտել է ոչ նյութական իրավունքներ. «Հայաստանի բարի համբավը ոչ նյութական իրավունք է»:
Դավատավոր Արթուր Սմբատյանը որոշեց չթույլատրել տեսանկարահանում դատական նիստի ժամանակ, նա թույլատրեց միայն ձայնագրել նիստը և տեսանկարահանել նիստի առաջին հինգ րոպեները։
Վ. Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը խնդրեց ընդմիջել նիստը, որպեսզի քննարկեն` շարունակել նիստը, թե ոչ, և ընդմիջման ավարտից հետո դատավորը կրկին ընդմիջում հայտարարեց, որպեսզի այդ ընթացքում Վ. Գայֆեջյանը կարողանա գրավոր լիազորագիր տրամադրել իր փաստաբան Հայկուհի Հարությունյանին:
Նշենք, որ դատարան են եկել բազմաթիվ լրագրողներ, «Ոչ թալանին» անդամները և հաղորդավարի համակիրներ: