28/07/2015 09:40
Բյուջեի հարկային եկամուտները թերակատարվել են
ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները այս տարվա առաջին կիսամյակի դրությամբ թերակատարվում են մոտ 240 միլիոն դրամով: Այս մասին գրել է «Հայկական Ժամանակը» հղում կատարելով ՀՀ ֆինանսների նախարարության պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներին:
Ըստ այդմ՝ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 500 մլրդ 521 մլն դրամի հարկային եկամուտ, որը դոլարի ներկայիս փոխարժեքով կազմում է 1 միլիարդ 47 մլն դոլար: Անցած տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրվել էր 499.5 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը այն ժամանակվա փոխարժեքով կազմում էր 1 մլրդ 224 մլն դոլար:
«Այլ կերպ ասած՝ մեկ տարվա ընթացքում հարկային եկամուտները նվազել են 177 մլն դոլարով: Սակայն որպեսզի այս տարվա բյուջեի եկամտային մասը կատարվի, անցած տարվա համեմատ հարկային եկամուտները պետք է աճեին 5-6 տոկոսով: Այսինքն այս տարվա առաջին կիսամյակում պետք է հավաքագրվեր 63 միլիոն դոլարով ավելի հարկ, քան անցած տարի»,-գրել է թերթը: