28/07/2015 09:05
Գալուստ Սահակյանը զբաղված է պատգամավորներին խորհրդարան «բերման ենթարկելու» խնդրով
Այսօր ՀՀ Ազգային ժողովին կներկայացվի հաղորդում՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ:
«Ժողովուրդը» տեղեկացել է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այս օրերին զբաղված է պատգամավորներին մի քանի ժամով խորհրդարան «բերման ենթարկելու» խնդրի լուծմամբ: Սահակյանը խմբակցության ղեկավարներին զանգահարել և անձամբ խնդրել է, որպեսզի անպայման ներկա գտնվեն քննարկմանն ու իրենց հետ առնվազն մեկ պատգամավոր «բերեն» ԱԺ:
Եվ երեկ խմբակցության ղեկավարներից յուրաքանչյուրը փորձում էր գտնել իր «մինուճարին»: Բանն այն է, որ այս օրերին պատգամավորները հիմնականում գտնվում են արտերկրում և վայելում են իրենց հանգիստը:
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» ուսումնասիրություններն իրականացվել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետների կողմից, Համաշխարհային բանկի պատվերով: Այս նպատակով ՀԲ-ն ծախսել է մոտ 100 հազար դոլար դրամաշնորհ: