28/07/2015 12:07
Թուրքիան վախեցած է. Երբեմնի թույլ տված սխալներն իր դեմ են շրջվել
Թուրքիայում ստեղծված լարվածությունը երկու գործոնով է պայմանավորված: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայում ստեղծված իրավիճակին, ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Նրա խոսքով՝ դրանցից առաջինը իրաքյան Իսլամական պետություն կազմակերպության կողմից եկող, իսկ մյուսը՝ քրդական կողմից հնչող սպառնալիքներ են:
«Մի քանի օր առաջ առաջին հարձակումները եղան Սիրիայի հետ Թուրքիայի սահմանում, սահմանաապահ զորքերի վրա, որի արդյունքում երկու ենթասպա զոհվեց, 2-ն էլ վիրավորեց: Միևնույն ժամանակ Թուրքիայի հասցեին սպառնալիքներ հնչեցին նաև քրդական կողմից, որով կոչ արեցին, որ քուրդ ժողովրդը չի պատրաստվում հանձնվել ու անցնում է ինքնապաշտպանության»,- նկատեց Չաքրյանը՝ հավելելով, որ այս երկու գործոնները Թուրքիայում ավելի են սրելու առանց այդ էլ լարված ներքաղաքական կյանքը:
Չաքրյանը նկատեց նաև, որ Թուրքիայի հարաբերությունները ջիհադականների հետ ևս սրվել են: Նրա խոսքով՝ ջիհադականները, որոնց ժամանակին թուրք իշխանությունները օգնում էին, ամեն ինչ անում են, որպեսզի Թուրքիայում Ջիհադ իրականացնեն: «Թուրքիան մինչև վերջ աջակցում էր ջիհադական մարդասպաններին, բայց, փաստորեն, լավ ավարտ չունեցավ: Ամեն ինչ շրջվեց իր դեմ: Դեռևս 1992 թվականից Թուրքիան համաձայնեց, որ ինքն իր ռազմաբազաները կտրամադրի ինչպես ամերիկյան ռազմաօդային ուժերին, այնպես էլ Սուդյան Արաբիային, Հորդանանին, Քաթարին, Բահրեյնին ու Արաբական Միացյալ Էմիրություններին: Հիմա, երբ Թուրքիան հրաժարվում է, բնական է, որ մյուս կողմերը զայրացած են: Ավելին՝ ջիհադականները, ի դեմս Իրաքի ԻՊ կազմակերպության ղեկավարարի՝ Բաղդադից արդեն կոնդակ են ուղարկել, թե ըստ օրենքի՝ իրենց թույլատրվում է որևէ իսլամական պետության բանակի դեմ կռիվ հայտարարել: Հիմա էլ հավանաբար սպասում են, տեսնեն, թե Թուրքիայի ներքաղաքական կյանքում ինչ նոր փոփոխություններ ու խառնակչություններ կլինեն, որից հետո կսկսեն գործել»,- շարունակեց թուրքագետը:
Նա ընդգծեց, որ Թուրքիայում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել և դասավորվում է ընդդեմ Թուրքիայի, ինչի միակ մեղավորն հենց Թուրքիան է: «Սրանից մի քանի տարի առաջ էր, որ Թուրքիայի շուրջ 12 հազար քաղաքացիներ գնացել էին ջիհադականների հետ կռվելու, որոնցիցից 10 հազարը վերադարձան, իսկ 2000 մնացին ու սկսեցին պայքարել նրանց հետ, իսկ այսօր էլ այդ զինյալները կռվում են Թուրքիայի դեմ: Բացի այդ՝ Բեյրութից 70 մահապարտ պատրաստվում է ներթափանցել Թուրքիա: Ինչպես հայտնի է, դրանցից տասն արդեն ներթափանցել են ու ահաբեկչություններ են կազմակերպել Թուրքիայում: Իրաքյան աղբյուրները հայտնում են, որ մինչև տարեվերջ ևս 700 մահապարտ պետք է մեկնի Թուրքիա, իսկ սա արդեն լուրջ խնդիր է»,- ասաց նա՝ շեշտելով, որ սա Թուրքիայում անհանգստությունների պատճառ է դարձել:
Ի դեպ՝ ինչպես թուրքական մամուլն է փոխանցում, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը Սիրիայի հետ սահմանում իրավիճակի սրման հետ կապված արձակուրդներից հետ է կանչել երկրի հարավարևելքում տեղակայված դաշտային 2-րդ և 3- րդ բանակների հրամանատարական անձնակազմին: Այդ հրամանը վերաբերում է նաև Թուրքիայի այլ շրջաններում ահաբեկչության դեմ պայքարում զբաղված ստորաբաժանումների անձնակազմերին: Բացի դա՝ Հյուսիսատլանտյան համաձայնագրի 4-րդ հոդվածի շրջանակում ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ է հրավիրվել, որը հավանաբար տեղի կունենա հուլիսի 28-ին: Ի դեպ՝ թուրքական մամուլը տեղեկացնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պարզաբանման մեջ նշվել է, թե խորհրդի նիստ հրավիրելը նպատակ ունի ՆԱՏՕ-ի գործընկեր պետություններին տեղեկացնել Թուրքիայի ազգային անվտանգությանն ուղղված վերջին հարձակումների և սպառնալիքների առնչությամբ ահաբեկչության դեմ պայքարում ձեռնարկված միջոցների և իրականացված գործողությունների մասին, ինչպես նաև քննարկել ստեղծված իրադրությունն անդամ երկրների հետ: Ըստ շրջանառվող լուրերի՝ նախատեսված արտահերթ նիստը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Վերջինս բրիտանական BBC-ի հետ զրույցում տեղին է համարել Թուրքիայի պահանջը ՆԱՏՕ-ի նիստ հրավիրելու վերաբերյալ:
Չաքրյանն ընդգծեց, որ իրականում Թուրքիան Հակահրռիթային պաշտպանության համակարգ չունի, ուստի բոլոր ելքերը փնտրում է, որպեսզի այս իրավիճակից դուրս գա: Նրա խոսքով, եթե Թուրքիայի դեմ հրթիռ արձակեն, ապա դրանք օդում ոչնչացնել չի լինի, իսկ դա նշանակում է, որ պաշտպանվել ևս չի ստացվի: «Ըստ երևույթին, Թուրքիան ՆԱՏՕ-ից այդպիսի համակարգ կպահանջի: Ժամանակին տեղադրել էին, սակայն մի քանի տարի առաջ դրանք քանդեցին, մտածելով, որ այլևս պետք չի գա: Իսկ հիմա անպաշտպան են և վախենում են, որ ջիհադականները խիստ հարձակումներ կգործեն Թուրքիայի վրա, հետևաբար փորձում են պաշտպանվելու ելքեր գտնել:
Այսինքն՝ Թուրքիան շատ լավ գիտակցում է, որ ջիհադականները անկառավարելի ու անվերահսկելի են, հետևաբար իր մտահոգություններն էլ արդարացված են: Թուրքիայում էլ են վախենում, որ սանձարձակ մարդասպանները, որոնց մոտ հոգեկան խանգարումներ ու շիզոֆրենիա է նկատվում, կարող են օրը ցերեկով մարդկանց բռնել ու գլուխատել, ինչպես դա արել են արդն մի քանի անգամ: Ոչ միայն թուրքական իշխանությունները, այլև մյուսները գիտակցում են, որ ջիհադականներից կարելի է ամեն ինչ էլ սպասել, ուստի Թուրքիայի խնդրանքը չեն մերժի»,- ասաց նա:
Թուրքագետը շեշտեց, որ թեև աշխարհը գիտի, որ Թուրքիան է սնուցել Իրաքին ու Սիրիային Իսլամական պետության զինյալներով ու ահաբեկիչներով, բայց այսօր ԻՊ-ն լուրջ սպառնալինքեր է Թուրքիայի համար: «Նրանք ոչ միայն սնուցել ու պահել են, այլ զինել են ԻՊ ահաբեկիչնբերին: Միայն 100 մեքենա զենք են մատակարարել նրանց, բայց երբ Արևմուտքի ճնշման տակ Թուրքիան միացավ հակաջիհադական կոալիցիային, այդպիսով կնքեց իր մահկանացուն: Նա այսօր ինքն է հայտվել ԻՊ զինյալների թիրախում: Թուրքիան շատ լավ գիտակցում է, որ ԻՊ զինյալները պետք է վրեժ լուծեն իրենից, հետևաբար ամեն ինչ անելու է, որպեսզի խոիսափի դրանից: Եվ առաջին հերթին ուզում է ՀՕՊ համակարգ տեղադրել»,- եզրափակեց նա: