28/07/2015 13:15
Հովիկ Աբրահամյան. Մենք կամք ունենք պայքարելու կոռուպցիայի դեմ
Մենք կամք ունենք պայքարելու կոռուպցիայի դեմ: Սա հարթակ է, որտեղ հնարավոր է համախմբել ուժերը և գնալ վճռական քայլերի: Հավաստիցնում եմ, որ Կառավարությունը գիտակցում է իր քայլերի անհրաժեշտությունն ու կարևորությունը և հետևողականորեն առաջ է մղելու հակակոռուպցիոն ծրագրերի ընթացքը: Այս մասին կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք ունենք վճռականություն և պատրաստ ենք ամենօրյա աշխատանքով քայլ առ քայլ առաջ գնալ: Մեր աշխատանքները լինելու են թափանցիկ և ամեն ինչ կանենք, որ դրա արդյունքները հանրության համար լինեն տեսանելի»,- խոստացավ վարչապետը:
Շարունակելով խոսքը՝ Հ. Աբրահամյանն ասաց, որ թեև ԱԺ խմբակցությունների մեծ մասը և հասարակական կազմակերպությունները հրաժարվել են անդամագրվել խորհրդի աշխատանքներին, այնուամենայնիվ, իրենք հրավիրել են ներկա լինելու նիստին՝ հույս հայտնելով, որ նրանք կհամագործակցեն խորհրդի հետ և իրենց գիտելիքները կներդնեն կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում: