28/07/2015 09:55
Սուրիկ Խաչարյանի որդին կալանավորվեց երկու ամսով
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և երկամսյա կալանք սահմանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից՝ դատարանը մերժել է Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանի բոլոր միջնորդությունները` այդ թվում` գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք էր առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին։
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:
Ապացույցների համակցությամբ` Տ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հաշվի առնելով քրեական գործի հասարակական մեծ հնչեղությունը` քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կշարունակվի տեղեկությունների պարբերաբար տրամադրումը:
Հիշեցնենք նաև, որ Գորիսի Սդղի գյոլ կոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Տիգրան Խաչատրյանին ձերբկալել էին հուլիսի 25-ին։