28/07/2015 19:08
Արցախում նոր ջրամբար կկառուցվի, որը Սարսանգից հետո չափերով կլինի երկրորդը
Քաշաթաղի շրջանում՝ Հագարի և Աղավնո գետերի միախառնման տեղում, սփյուռքահայ բարերար Վարդան Սերմաքեշի նախաձեռնությամբ և ներդրումով, նոր ջրամբար կկառուցվի, որն իր մեծությամբ Սարսանգի ջրամբարից հետո Արցախում երկրորդը կլինի։
Ինչպես Artsakhpress.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է նորաստեղծ «Մ.Էներգո-Լ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Մամունցը, ջրամբարի նախագծմամբ զբաղվում է «Հայջրնախագիծ» ինստիտուտը։
«Մոտ երկու ամսից պատրաստ կլինի նախագիծը, իսկ մինչ այդ աշխատանքներ են տարվում ջրամբարի կառուցման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծելուն։ Մասնավորապես, ներկայումս բարեկարգվում է Ստեփանակերտ-Երևան ավտոմայրուղու Բերձորի անցակետի հատվածից դեպի ջրամբար տանող 7 կմ երկարությամբ հողաշեն ճանապարհահատվածը»,- ասել է Ալ. Մամունցը և ավելացրել, որ նախատեսվող ջրամբարում 12 մլն խորանարդ մետր ջուր կամբարվի։
Նաև կկառուցվի տարեկան մոտ 30 մլն կվտ/ժ հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան, որը, պատասխանատուի խոսքով, կարտադրի հանրապետության ներքին սպառման էլեկտրաէներգիայի 10 տոկոսը։
Բացի այդ, հետագայում նախատեսվում է ջրամբարի հնարավորություններն էլ օգտագործել շրջակա ցանքատարածությունների ոռոգման, ինչպես նաև ձկնաբուծարան և հանգստյան գոտի ստեղծելու նպատակներով։
«Մ.Էներգո-Լ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ալ. Մամունցի խոսքով՝ Ջրամբարի և ՀԷԿ-ի կառուցման նախագիծը կյանքի կոչելու համար նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել 2 տարվա ընթացքում։