28/07/2015 17:28
Ա. Թավադյան. Վարչապետի քաղաքականությունը ճիշտ է և կնպաստի ամբողջ տարածաշրջանի զարգացմանը
Վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել են հայ-վրացական հարաբերությունները ու հատկապես վարչապետերի համագործակցության ու նաև ջերմ հարաբերությունների մակարդակում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, նոր է վերադարձել Վրաստանից, որտեղ գտնվում էր աշխատանքային այցի շրջանակում: Aysor.am-ի հետ զրույցում տնտեսագետ Աշոտ Թավադյանը այս հարաբերությունների ջերմացումը շատ ողջունելի ու նաև դրական է համարում Հայաստանի տնտեսական զարգացման համար, քանի որ ակնհայտ է, որ տարածաշրջանում տեղի են ունենում զարգացումներ, որոնցից Հայաստանը չպետք է անմասն մնա:
«Տարածաշրջանային վերջին զարգացումները դրական փոփոխությունների կարող են բերել: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման փոփոխության ֆոնին նաև Վրաստանն ունի որոշակի շահեր, որոնք դեռ պետք է ի մի բերվեն՝ ինչպե՞ս պետք է Վրաստանն Իրանից առևտուր անի, կամ գուցե միասնական արտադրություն զարգացնի, կամ ամբողջ տարածաշրջանում բանկային համակարգ զարգացնի և այլ հարցեր»,- նշեց նա:
Ըստ Ա.Թավադյանի, այս ամենի ֆոնին վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցելությունը Վրաստան ևս մի կարևոր հանգամանքով է պայմանավորված՝ ոչ միայն ավելի արդիական է դառնում Հայաստան-Իրան երկաթուղու, այլ նաև աբխազական հատվածի երկաթուղու բացումը, որովհետև եթե դա համակարգված է նայվում, ապա դրա արդյունավետությունը և քաղաքական–ստրատեգիական նշանակությունը ավելի բարձրանում է:
«Ես կարծում եմ, որ նաև այս երկու հարցերի վերաբերյալ ուշադրություն կդարձվի հայ-վրացական բանակցությունների ու ջերմ հարաբերությունների կոնտեքստում, քանի որ ակնհայտ է, որ այսուհետ հնարավոր կլինի իրականացնել միասնական՝ Հայաստան-Վրաստան-Իրան պրոեկտներ: Եվ երկրորդ՝ քննարկելու, թե ինչպես այս փոփոխված իրականությունը կարող է ազդել ամբողջ երկաթուղու բացման հարցում, որովհետև այն արդյունքը, որ Վրաստանը կարող է ստանալ միայն Հայաստանի դեպքում, մի քանի անգամ ավելանում է, եթե այդ ճանապարհն օգտագործում է նաև Իրանը»,- ասաց տնտեսագետը՝ ավելացնելով, որ միտում է տեսնում նաև, որ Վրաստանը թերևս պատրաստ է քաղաքական ու տնետսական խնդիրներ իրարից առանձնացնել: Իսկ այդ առանձնացումը անշուշտ կնպաստի նաև քաղաքական խնդիրների լուծմանը:
Աշոտ Թավադյանը ընդգծեց, որ տեսանելի է ու ողջունելի նաև այն, որ գործող վարչապետի օրոք Հայաստան-Վրաստան հարաբերությունները նոր փուլ են թևակոխել, ավելի են սերտացել շփումները՝ գոնե այս տարվա ընթացքում սա մեր վարչապետի առաջին այցը չէր Վրաստան.
«Վարչապետ Աբրահամյանի քաղաքականությունն այս առումով ճիշտ է և կնպաստի ամբողջ մեր տարածաշրջանի զարգացմանը»:
Հիշեցնենք, հուլիսի 26-27-ին Վրաստանում աշխատանքային այցով գտնվում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ այցելել է վրաց-ռուսական սահմանին տեղակայված Դարիալի (Կազբեկի) սահմանանային անցակետ՝ երկու երկրների վարչապետների քննարկման օրակարգում եղել է Վրաստանը Ռուաստանին կապող մայրուղու այն հատվածների հարցը, որտեղ մշտապես սողանքների, քարաթափման վտանգ կա: Բանակցությունների արդյունքում քննարկվել են բազմաթիվ այլ հարցեր ևս: