28/07/2015 10:31
Արտահանման հնարավորությունները դյուրացվում են
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Վրաստան առանձնացավ տնտեսության համար, հատկապես այս ժամանակահատվածում, շատ կարևոր նախաձեռնությամբ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս երեք ու կես ժամով երկարացնել վրաց-ռուսական սահմանին տեղակայված Դարիալ անցակետի աշխատանքի ժամանակը։ Մի բան, ինչն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության իրականացման գործում։
Այդպիսով, վերջին մեկ ամսվա ընթացքում անցակետի աշխատանքային ժամանակը հաջողվեց երկարացել 6,5 ժամով։ Նախկին 12 ժամի փոխարեն այն այսուհետ բեռնափոխադրումները կսպասարկի 18,5 ժամ անընդմեջ՝ հնարավորություն ստեղծելով նվազեցնել անցակետում առաջացող կուտակումները։
Սահմանափակ հաղորդակցության ուղիների պայմաններում Վերին Լարսը էական նշականություն է ստացել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կազմակերպման գործընթացում։ Անցակետի աշխատանքի երկարաձգումը կարևոր է առաջին հերթին ապրանքների ժամանակին տեղափոխման տեսանկյունից։ Առավել ևս, այս ժամանակահատվածում, երբ մեկնարկել է գյուղմթերքների արտահանումը և տնտեսավարողները փորձում են իրացման շուկաներ գտնել։
Սահմանային անցակետում կուտակումների հետևանքով երբեմն արտահանողները ստիպված են լինում երկար սպասել հերթերում։ Մի բան, ինչը լրացուցիչ ռիսկեր է առաջացնում հատկապես գյուղմթերքների արտահանման ժամանակ։ Անցակետի աշխատանքի երկարացումը թույլ կտա եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի թուլացնել կուտակումները։
Դա անշուշտ նպաստավոր ազդեցություն կունենա հայկական բեռների տեղափոխման համար։ Թեև հայ-վրացական բարձր մակարդակի բարեկամական հարաբերությունները թույլ են տալիս մտածել ավելի բարենպաստ միջավայր ունենալու մասին։
Պատահական չէ, որ երկու երկրների վարչապետերը քննարկել են անցակետում հայկական բեռնատարների խցանումները նվազագույնի հասցնելու, ինչպես նաև Հայաստանից վրացական անցակետով կազմակերպվող արտահանումների գործընթացը դյուրացնելու հետ կապված հարցերը։
Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ առումով, առայժմ ոչինչ չի ասվում։ Հայտնի է, որ արդեն բավական ժամանակ խոսվում է հայկական բեռների համար Վերին Լարսում կանաչ ուղի ստեղծելու մասին։ Եթե հաջողվի լուծել այդ խնդիրը, ապա փոխադրողները վրաց-ռուսական սահմանային անցակետը կարող են հատել առանց հավելյալ դժվարությունների և ժամանակ կորցնելու։
Շատ կարևոր է, որ վերջապես փորձ է արվում ուղիներ գտնել ոչ միայն անցակետի, այլև այս երթուղու հետ կապված խնդիրների համակողմանի լուծման համար։ Խոսքը մասնավորապես սողանքների մասին է, որոնք մշտապես զգացնել են տալիս։ Դրանց հետևանքով ճանապարհը երբեմն-երբեմն փակվում է՝ լուրջ անհարմարություններ ստեղծելով ինչպես արտահանողների, այնպես էլ ներմուծողների համար։
Այդ նպատակով նախատեսվում է կատարել ճանապարհի բանուկ մասի լայնացման, ինչպես նաև լուսավորման հետ կապված աշխատանքներ։ Մնում է, որ դրանք հնարավորինս շուտ իրականացվեն։