28/07/2015 13:44
Հուլիսի 31-ից օգոստոսը 4-ը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան
Ըստ կանխատեսումների՝ հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը հանրապետության տարածքում ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Մասնագետները հայտնում են, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի տարածքին մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքները։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ այդ օրերին Արարատյան դաշտում, Երևանում, Տավուշի և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 40, իսկ ոչ ծառածածկ հատվածներում՝ 41 աստիճանի:
Նրա խոսքով՝ այդ օրերին գրանցվելու է խոնավության անկում, բույսերի մոտ նկատվելու է արագ ջրազրկում: Մասնագետը խորհուրդ է տալիս. «Պետք է գյուղատնտեսներն արագացված ոռոգում կատարեն, որպեսզի բույսերը չջրազրկվեն։ Իսկ առհասարակ՝ մարդիկ պետք է խուսափեն ակտիվ գործունեությունից: Այս օրերին ժամը 13:-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափեն արեգակի անմիջական ճառագայթներից և օգտագործեն անհամեմատ ավելի շատ հեղուկ: Եվ քանի որ այդ օրերին նաև քամիներն են դադարելու, երեկոյան ժամերին բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։ Եթե այս օրերին, ժամը 19:00-22:00-ին գրանցվում է 28-30 աստիճան տաքություն, հուլիսի 31-ից կգրանցվի 34-35 աստիճան տաքություն, ինչը բարձր ջերմաստիճան է այդ ժամերի համար»,- ասաց նա:
Գագիկ Սուրենյանն ընդգծեց նաև՝ կանխատեսվում է, որ այս տարվա օգոստոս ամիսն անհամեմատ ավելի շոգ է լինելու, ջերմաստիճանը կգրանցվի նորմայից բարձր՝ 1 աստիճանով, իսկ տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում:
«Այդ ամսվա տեղումների նորման շատ չնչին է՝ ընդամենը 9 մմ՝ մեկ նորմալ անձրև։ Օգոստոսի երկրորդ կեսին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի անկում, բայց այն շատ չի նվազի»,- հավելեց նա:
Լրագրողեները Գ. Սուրենյանից հետաքրքրվեցին նաև՝ հնարավո՞ր է բարձր ջերմաստիճանի պատճառով պետական հիմնարկներում աշխատանքները դադարեցվեն, նա պատասխանեց, որ այդ հարցով պետք է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ապա հավելեց, որ ինչպես իրեն է հայտնի՝ ՀՀ-ում համապատասխան օրենք չկա, որ 40-ից բարձր ջերմաստիճանի դեպքում աշխատանքները դադարեցվեն. «Նման օրենք չկա, բայց տրվում են լրացուցիչ ոչ աշխատանքային ժամեր»,- եզրափակեց նա։