28/07/2015 20:17
4 տարի անց Իրանն ու Մեծ Բրիտանիան պատրաստվում են վերաբացել դեսպանությունները
Իրանն ու Մեծ Բրիտանիան շուտով կվերաբացեն դեսպանությունները: Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին:
Իրանի ԱԳ նախարարի տեղակալը բրիտանական «The Daily Telegraph» պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Դեսպանությունների բացման հարցում որևէ լուրջ խնդիր չկա, ինչպես, որ ավելի վաղ բրիտանացի պաշտոնյաներն էին կանխատեսել, կրկին կվերականգնվեն երկկողմ բնականոն հարաբերություները»:
Հիշեցնենք, որ 2011թ. նոյեմբերի 29-ին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջև տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, մի խումբ ուսանողներ, ճեղքելով ոստիկանների դիմադրությունը, մտել էին դեսպանության տարածք, կոտրել շենքի ապակիները, իջեցրել այդ երկրի դրոշը, փոխարենը` ծածանել Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը: Այդ դեպքից հետո երկու երկրների հարաբերությունները խիստ լարվեցին. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ և պահանջեց, որպեսզի այդ երկրում հավատարմագրված իրանցի դիվանագետները 48 ժամվա ընթացքում լքեն երկիրը:
Դրան ի պատասխան՝ դեկտեմբերի 7-ին ԻԻՀ Մեջլիսը ընդունեց մի օրենք, համաձայն որի` Իրանի արտաքին գործերի նախարարությունը, հիմք ընդունելով Իրանի ազգային շահերի պաշտպանությունը, պարտավորվում էր երկու շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայի հետ ունեցած իր քաղաքական հարաբերությունները իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի՝ միևնույն ժամանակ նվազեցնելով նաև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը:
Հասան Ռոհանիի՝ ԻԻՀ նախագահ ընտրվելուց հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Ռոհանիին հղած նամակում հույս էր հայտնել, որ Իրանի նոր իշխանությունների օրոք Թեհրանի և Լոնդոնի հարաբերությունները կբարելավվեն:
2013թ. սեպտեմբերին Նյու Յորքում ԻԻՀ և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Ուիլյամ Հեյգի միջև տեղի ունեցած խորհրդակցությունից հետո որոշում էր կայացվել Թեհրանում և Լոնդոնում նշանակել գործերի հավատարմատարներ: