28/07/2015 13:55
Հեպատիտ C-ով հիվանդների բուժումն իրականացվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով. Պարզաբանում
Ես ներողություն եմ խնդրում երեկվա իմ արած հայտարարության համար: Այսպես սկսեց իր զրույցը Aysor.am-ի թղթակցի հետ Հայաստանի լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:
Նրան խնդրեցինք մեկնաբանել լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցն այն մասին, թե «Քաջարանի բուժանձնակազմի մեղքով հեպատիտ C-ով վարակվածների բուժումը պետությունն է հոգում»:
Ղազինյանի խոսքով՝ ընդամենը թյուրիմացություն է եղել:
«Ես եղել եմ այն խմբի անդամներից, ովքեր եղել են տեղում՝ Քաջարանում, և տեսել եմ, թե ինչպես են ջանում տեղի պատասխանատուները: Երեկվա իմ հայտարարությունը եղել է թյուրիմացություն: Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությունը իր վրա է վերցրել տուժածների ամբողջ հոգսը»,- ասաց նա:
Նշենք, որ Ղազինյանը նաև հայտնել էր, որ հիվանդների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում, մինչդեռ ամիսներ առաջ ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել էր, որ հեպատիտ C-ի բուժումը ներառված չէ պետպատվերի ցանկում և բավականին թանկ բուժում է պահանջում:
Հիշեցնենք, որ Aysor.am-ն արդեն գրել էր, որ Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C-ով վարակված 13 հիվանդների բուժումն իր վրա է վերցրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդներից 5-ը կոմբինատի աշխատակիցներ են: