28/07/2015 13:06
Պատգամավորներն ընդդեմ ՀԲ-ի. «Համաշխարհային բանկի ընթացակարգը Աստվածաշնչյան թեզ չի»
«Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները ուսումնասիրություն են անցկացրել «Նաիրիտում», իսկ Համաշխարհային բանկը ամփոփել է այդ ուսումնասիրությունը, որն էլ հաղորդման տեսքով այսօր ներկայացվում է Ազգային ժողովում: Սակայն պարզվեց, որ Համաշխարհային բանկը սեփական նախապայմաններն է թելադրում, թե ինչպես այդ հաղորդումը պետք է տեղի ունենա, ինչը պատգամավորների դժգոհությունը հարուցեց:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները որոշել են, որ հաղորդման ներկայացումը իրենց կողմից պետք է անցնի դռնփակ:
«Սա է իրենց առաջարկած ընթացակարգը: Պարզապես լրատվության ներկայացուցիչների խնդիրն է այստեղ, բայց պատգամավորները կարող են հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ասել, թե ինչ է քննարկվել»,- ասաց նա:
ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը վրդովվեց` ի՞նչ ընթացակարգ կամ ինչո՞ւ Համաշխարհային բանկը պետք է ընթացակարգը որոշի. «Համաշխարհային բանկի ընթացակարգը Աստվածաշնչյան թեզ չի»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ ինքը հարց ունի ՀԲ ներկայացուցիչներին և չի հասկանում, թե ինչու լրագրողները պետք է ներկա չգտնվեն այդ քննարկմանը:
«Իմաստն ինչո՞ւմն է, եթե հետո պետք է պատմենք»,- հետաքրքրվեց նա:
ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանն էլ զարմացավ` ինչո՞ւ ենք հավաքվել, եթե պետք է դռնփակ լինի:
Վարդան Այվազյանը ևս մեկ անգամ կրկնեց` խորհրդարանական լսումներ կլինեն աշնանը, այնպես որ որևէ մեկը չի փորձում «սղացնել» այս հարցը: Իսկ հիմա Համաշխարհային բանկը նման ընթացակարգ է սահմանել, չի ցանկանում, որ լրագրողները ներկա գտնվեն քննարկմանը:
Հարցը դրվեց քվեարկության` կողմ են նման ընթացակարգին, թե ոչ: Պատգամավորների մեծամասնությունը դեմ քվեարկեց և արդյունքում որոշվեց, որ այսօր Համաշխարհային բանկի ներկայացումը չեն լսի: