28/07/2015 12:42
Խորհրդարանական լսումները ձևական բնույթ են կրում. Անուշ Հարությունյան
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք՝ այսօր ԱԺ-ում «Նաիրիտի» վերագործարկման հարցով խորհրդարանական լսումներ են հրավիրվել: Եվ մինչ Խորհրդարանի ներսում ընթանում են լսումները, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները դրսում բողոքի ակցիա են նախաձեռնել:
«Այո, մենք այստեղ ենք, քանի որ մեզ հուզում է գործարանի հետագա ճակատագիրը»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց գործարանի արդեն նախկին մամլո խոսնակ Անուշ Հարությունյանն, ում համոզմամբ, ինչպես գործարանում անցկացված նախորդ 2 աուդիտներն, այնպես էլ այս խորհրդարանական լսումները կրելու են զուտ ձևական բնույթ:
«Ուզում են ասել, թե աուդիտը անցկացրել են, հիմա էլ արդյունքներն են ներկայացնում և խորհրդարանական լսումներ են կազմակերպում, բայց մենք համոզված ենք, որ սա ևս ֆիկտիվ մի գործընթաց է, որն իրականում կրում է ձևական բնույթ, ինչպես աուդիտը: Այո, այն ևս կրում էր ձևական բնույթ, քանի որ այնտեղ, առանց հիմնավորման, ներկայացրել են, թե «Նաիրիտը» պետք է սնանկ ճանաչվի: Ինչպես կարող ենք հավատալ մի աուտիդի, որը սկսվում է այս նախադասությամբ, այն դեպքում, երբ «Նաիրիտի» արտադրանքը մրցունակ ու որակյալ է և շուկայում մեծ պահանջարկ ունի»,- ընդգծեց գործարանի աշխատակիցը՝ շարունակելով, որ իրենք այստեղ են հավաքվել, քանի որ ուզում են իմանալ, թե ովքեր են մասնակցում խորհրդարանակ լսումներին, այն դեպքում, երբ գործարանի և ոչ մի մասնագետ այդ լսումներին չի հրավիրվել:
«Հրավիրվել է միայն գործարանի գործադիր տնօրենը, բայց տեղյակ չեմ, նա այնտե՞ղ է, թե ոչ: Իսկ մենք այստեղ ենք, քանի որ մեզ շատ է հետաքրքրում, թե ովքեր են մասնակցում լսումներին: ԱԺ-ի մեծ մասը արձակուրդում է, իսկ «Նաիրիտի» ղեկավարներից երեկ տեղեկացանք, որ իրենց չեն կանչել լսումներին, գուցե կանչել են, իսկ եթե չեն կանչել, ապա այս լսումները ձևականություն են: Մեր ներկայացուցիչներից պետք է անպայման ներկա լինեն լսումներին»,- ասաց Անուշ Հարությունյանը՝ հավելելով՝ պարզ է, որ «Նաիրիտի» հարցով պետական այրերը կանխակալ վերաբերմունք ունեն և ուզում են գործարանն ամեն գնով փակել:
Անդրադառնալով նարիտցիների աշխատավարձերին՝ Ա. Հարությունյանը նշեց, որ գործարանի աշխատակիցներից ընդամենը 400-ն են ստացել աշխատավարձերը, ինչը նրա համոզմամբ՝ աշխատակիցների զգալի մասը չէ, ինչպես պնդում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ նաիրիտցիները կսպասեն մինչև հուլիսի 30-ը, որից հետո պարտքերն ամբողջությամբ չվճարելու դեպքում կսկսեն բողոքի ակցիաները, որին այս անգամ կմասնակցեն գործարանի բոլոր աշխատակիցները: