28/07/2015 20:10
10-ամյա Սերյոժայի միակ խնամակալ տատիկին կտրամադրեն պետպատվերով բուժում
63-ամյա Մարիետա Գաբոյանը 10-ամյա Սերգեյի միակ խնամակալն է: Սերգեյի ծնողները 1 օրվա տարբերությամբ մահացել են և երեխան մնացել է տատիկի խնամքին:
Սերգեյին հանդիպեցինք բակում: Օրվա մեծ մասը նա արձակուրդների ժամանակ անցկացնում է ընկերների հետ, առարկաներից սիրում է մայրենի լեզուն, իսկ երազանքը անվաչմուշկ քշելն է: Բայց տատիկի առաջին իսկ կանչով վազում է ներս: Այդ պահին ինքն է դառնում տատիկի միակ հույսն ու խնամողը:
Օրվա հացը դժվարությամբ վաստակող տատիկի ոտնաթաթը հեռացնելուց հետո նրանց փոքր ընտանիքում դժվարություններն ավելացել են: Սիրտ-անոթային անբավարարությամբ տառապող տատիկը հաճախ է սուր ցավեր և շնչահեղձության նոպաներ ունենում: Տատիկը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց տեղամասային բժշկուհին իրեն տվել է հիվանդանոցում բուժման ուղեգիր, սակայն գումար չունի բուժման համար:
«Տնային պայմաններում ինձ բուժել հնարավոր չէ, ներերակային բուժում պետք է ստանամ, իսկ հաշմանդամության կարգ չունեմ, կենսաթոշակ էլ չեմ ստանում: Միայն ցանկանում եմ, որ ուժ ունենամ Սերոժիկիս մեծացնելու համար»,-ասաց նա:
Նշենք, որ Առողջապահության նախարարությունից արագ արձագանքեցին այս պատմությանը և այսօր խոստացել են տրամադրել տիկին Մարիետային պետպատվերով բուժման հնարավորություն: