28/07/2015 11:14
Տիգրան Խաչատրյանի փաստաբան. Այդ թատրոնը ո՞ւմ էր պետք
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը կբողոքարկի առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Տ. Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ: Այս մասին Aysor.am-ի թղթակցին ասաց Ա. Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ դատարանը կայացրել է ոչ հիմնավորված որոշում, իսկ նախաքննական մարմինը անհասկանալի շտապողականություն է դրսևորել:
«Վարույթ իրականացնող մարմինը ընդունված պրակտիկայի համաձայն, 72 ժամում նոր ներկայացնում է խափանման միջոց ընտրելու միջնորդություն, չգիտես ինչու՝ վարույթ իրականացնող մարմինը պետք է բազմաթիվ գործողություններ աներ, որոնցով հերքեր կամ հիմնավորեր Տ. Խաչատրյանի մասնակցությունը, սակայն միջնորդությունը մեկ օր շուտ ուղարկեց դատարան, իսկ դատարանի որոշումը պետք է բողոքարկենք, գտնում ենք, որ այն հիմնավորված չէ»,-ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ էին նրան հատուկջոկատայինների դիմակավորված խմբով տանում Քննչական կոմիտե, փաստաբանը պատասխան չուներ.
«20-ամյա երիտասարդին տանելու համար այդ թատրոնն ու՞մ էր պետք, մի շարքային աշխատող կարող էր ձեռնաշղթայով նրան տանել, այդ ամենն ի՞նչ նպատակ է հետապնդում»:
Նա հավելեց, որ Վերաքննիչ բողոքը կներկայացնեն 5-օրյա ժամկետում:
Aysor.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և երկամսյա կալանք սահմանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:
Ապացույցների համակցությամբ` Տ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Գորիսի Սդղի գյոլ կոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Տիգրան Խաչատրյանին ձերբկալել էին հուլիսի 25-ին։