29/07/2015 14:33
Այս տարի գրանցվել է օձից թունավորման 48 դեպք
Այս տարի գրանցվել է օձից թունավորման 48 դեպք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
Նա ասաց, որ անցած տարվա ընթացքում գրանցվել է օձից թունավորման 63 դեպք, որոնցից «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվել է 15, այս տարի՝ 12 հիվանդ:
«Թունավորման առումով ամենավտանգավոր վայրերն են Արարատյան դաշտը, Սիսիանը, Գորիսը, Կապանը, Երևանում՝ Հրազդանի կիրճը: Ուղղակի պետք է զգույշ լինել, ինքը երբեք առաջինը չի հարձակվում, այլ միշտ նախազգուշացնում է, ձայն է հանում, ֆշշում է, այդ պահին մեկ-երկու րոպե կանգնեք, ինքը կհեռանա առանց հարձակվելու»,- ասաց թունաբանը:
Միքայել Գաբրիելյանը նշեց, որ հիվանդը, ցանկալի է, մինչև 6 ժամը ստանա առաջին ներարկումը և ինչքան շուտ, այնքան լավ:
«Առաջին օգնությունը հիվանդին անշարժացնելն է: Անմիջապես պետք է նրան դնել մեքենա, պատգարակ, եթե կա, հասցնել մոտակա հիվանդանոց: Նույն րոպեին բերանով արտածծել վերքից թույնը, այն բերանի խոռոչով չի տարածվում օրգանիզմում: Կատեգորիկ չի կարելի ժգուտ դնել, քանի որ այն հանելուց հետո հիվանդի մոտ միշտ խնդիր է առաջանում»,-ասաց նա: