29/07/2015 14:50
Բնապահպան. Գայլերը մոտենում են գյուղերին, քանի որ որսի խնդիր ունեն
Գայլերի հարձակումները գյուղական տնտեսությունների վրա այսօր արդիական խնդիր են դարձել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան, «Թռչնասերների ակումբ» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանն՝ ընդգծելով, որ այս ամենը ունի գիտական հիմք ու իրավիճակը կարավորելու համար պետք է գործնական քայլեր արվեն:
«Մի քանի անգամ հարցը բարձրացվել է: Մենք նշել ենք, որ Հայաստանում պետք է գայլերի մոնիտորինգ անցկացնել: Գայլերը շատանում են ու սկսում են մոտենալ գյուղերին, քանի որ, հավանաբար ունեն որսի խնդիր և նրանց համար միևնույն է հոշոտում են ընտանի, թե՝ վայրի կենդանու»,- ասաց Սիլվա Ադամյանը:
Նրա խոսքով՝ իրենք առաջարկել են, որպեսզի Հայաստան ներկրվեն գամփռ շներ, որոնք կբաժանվեն գյուղացիներին և կօգնեն պաշտպանել ընտանի կենդանիներին.
«Գյուղացին այսօր ստեղծված իրավիճակից տուժում է ու դա հաստատ է: Մենք ասում ենք՝ անցկացնենք հետազոտություն, որ հասկանանք գայլերի թվաքանակը ու փորձենք այն ինչ-որ կերպ կարգավորել: Սակայն հստակ պատասխան կամ կարգավցորման փորձ դեռևս չկա»,- ասաց բնապահպանը: