29/07/2015 19:10
Ֆրանսուա Օլանդը Հասան Ռոհանիին հրավիրել է այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել է այցելել Փարիզ: Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ այսօր առավոտյան Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն այցելել է Իրան, որտեղ հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Իրանի նախագահը, անդրադառնալով ֆրանս-իրանական հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Մեր երկկողմ հարաբերություններում իսլամական հեղափոխությունից հետո շատ վայրիվերումներ են եղել, սակայն մենք պետք է պատմությունից դասեր քաղելով նայենք ապագային: Տնտեսական ոլորտում մենք համագործակցության չատ լավ նախադեպ ենք ունեցել, դրա վկայությունը նավթի և գազի արդյունահանման ոլորտում ներդրումներ կատարած ֆրանսիական ընկերություններն են»:
Լորան Ֆաբիուսը, Հասան Ռոհանիին փոխանցելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Ֆրանսիա այցելելու պաշտոնական հրավերը, նշել է. «Թեհրանի և Փարիզի հարաբերություններում այսօր համագործակցության նոր փուլ է սկսվում»:
Ֆրանսիայի ԱԳ նախարարն իրանցի իր գործընկերոջ հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Մենք ցանկանում ենք Իրանի հետ վերականգնել մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Միջուկային համաձայնությունը հնարավորություն է տալիս, որ Իրանն ու Ֆրանսիան իրենց հարաբերությունները կառուցեն այլ մակարդակում»:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն էլ, անդրադառնալով ֆրանս-իրանական հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Հուսով եմ, որ նախկինում ունեցած թյուրըմբռնումները կվերանան, և մենք, երկկողմ շահերը հաշվի առնելով, կընդլայնենք մեր համագործակցության շրջանակը»: